Երևանի քաղաքի բյուջեի հավաքագրումը տեղի է ունենում գիշատչական թալանի ներքո

Dec 29, 2017 Comments Off on Երևանի քաղաքի բյուջեի հավաքագրումը տեղի է ունենում գիշատչական թալանի ներքո

Սույն զեկույցը հրապարակվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանից

 

Սիրելի հայրենակիցներ,
Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ իշխանության բոլոր մակարդակներում տիրող անբարո կարգերի իրողությունը Հայաստանում: Ցավալի է, որ մեր հասարակությունը դեռ շարունակում է հանդուրժել մի քանի ընտանիքների զբաղվածության ապահովման հնարավորությունը հանրային միջոցների թալանի ոլորտում, նրանց անօրինական հարստանալը և ժողովրդին ցինիկաբար ծաղրելը:

Հանրային կյանքի լավագույն կազմակերպման հիմնասյուները, որոնք խարսխված են խղճի, պատվի և մարդկային արժանապատվության վրա, Երևանի քաղաքապետարանում և հանրային իշխանության կազմակերպման համար նախատեսված վայրերում` նախագահություն, խորհրդարան, կառավարություն և այլն, բացակայում են:

Երևան քաղաքի բյուջեի` մեր բոլորի հանրային միջոցների հավաքագրումը և ծախսումը տարիներ շարունակ տեղի է ունենում գիշատչական թալանի, անարդարության ու անօրինականության ներքո և վերից վար կրում է կոռումպացված բնույթ:

Երևան համայնքը սեփականութան իրավունքով տիրապետում է հողերի և շինությունների: Երևան համայնքը մեծ կարողությունների և հնարավորությունների տեր է: Այս կարողությունները և հնարավորությունները ապօրինի տնօրինվում են մի քանի ընտանիքների կողմից:

Երևան քաղաքի բյուջեն թե անցնող 2017 թվականին, և թե գալիք 2018 թվականի համար կազմում է շուրջ 170 միլիոն դոլար: Այս գումարի մի մասը գոյանում է երևանցիների կողմից վճարված գույքահարկի, հողի հարկի, այլ տեղական հարկերի ու եկամուտների և ընդհանուր հարկահավաքի միջոցով` այսինքն այս գումարները, սիրելի քաղաքացիներ, մեր գումարներն են: Մենք այդ գումարները փոխանցում ենք բյուջե ոչ թե նրա համար, որ դա ուղղակի մեր պարտականությունն է, այլ մենք դա անում ենք դրա դիմաց համապատասխան ծառայություններ ստանալու նպատակով:

Երբ ընտրում ենք հանրային իշխանություն` նախագահ, պատգամավոր, քաղաքապետ, ավագանի, գյուղապետ կամ վարչապետ և նախարար, մենք ուղղակի վարձում ենք անձանց, որպեսզի նրանք մատուցեն ծառայություն: Նախագահը, պատգամավորը, քաղաքապետը, ավագանին, գյուղապետը, վարչապետը և նախարարը հանրային ծառայություն մատուցող անձինք են, ովքեր յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է կազմակերպեն և ապահովեն բարեկեցիկ կյանքի պայմաններ:

Կարող ենք ասել՝ արդյոք ունեցել ենք ընտրելու հնարավորություն, այս մարդիկ, ովքեր այսօր հանդես են գալիս մեր անունից, ընտրվա՞ծ են և արդյո՞ք նրանց մենք պատվիրակել և վարձել ենք, որպեսզի նրանք մատուցեն ծառայություններ: Իհարկե, ոչ: Նրանք ընտրված չեն, նրանք իշխանությունը բռնազավթել են: Միևնույն ժամանակ այս բռնազավթիչները մեզ պարտադրում են օրենքներ և կանոններ, որոնց միջոցով մեր գումարները և կարողությունները ապօրինաբար օտարում են մեզանից:

Այժմ ներկայացնեմ մի բռնազավթչի օրինակով համայն հայության մայրաքաղաքի միջոցների յուրացման հանցանքի կատարման վերաբերյալ մի քանի փաստեր:

Այսպես, Երևանի քաղաքապետի անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի արարքները բնութագրվում են որպես հանրության համար վտանգավոր արարքներ, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցակազմերի բոլոր հատկանիշները:

Ուսումնասիրելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը՝ ստացել ենք հետևյալ պատկերը.

-Ոչ մասնագետի կողմից հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ.

Տարոն Մարգարյանը 39 տարեկան է: Ձեռք բերելով գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությունը՝ ուսման ավարտից անմիջապես հետո՝ 2001 թվականին, անցել է հանրային ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրիպետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ:

Այնուհետև, 2003 թվականին նշանակվել է Հայաստանի
Հանրապետության բնապահպանության նախարարության
կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:

Եթե առաջնորդվենք օրենքներով և բանականությամբ, ապա հասկանալի է, որ գյուղատնտեսության մեքենայացման մասնագետը չէր կարող անցնել ծառայության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես առաջատար մասնագետ կամ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում որպես բաժնի պետի տեղակալ:

Հասկանում ենք, որ ավտորիտար համակարգում օրենքի պահանջները և տրամաբանությունը անտեսվել են, քանի որ Տարոն Մարգարյանի հայրը` Անդրանիկ Մարգարյանը, 2000 թվականից մինչև իր մահկանացուն կնքելը` 2007 թվականը, պաշտոնավարել է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ:

-Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ.

Գյուղատնտեսության մեքենայացման մասնագետ Տարոն Մարգարյանի կենսագրությունը 2001 թվականից մինչև 2005 թվականը` մինչև Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար դառնալը, վկայում է այլ ապօրինության մասին ևս: Տարոն Մարգարյանը անօրինական կարգով՝ զուգահեռաբար գտնվելով հանրային ծառայության մեջ, կատարել է քրեորեն հետապնդելի արարք` խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից: Տարոն Մարգարյանը մինչև 2001 թվականը սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրայում:

Ուսման տարիներին նա կարող էր օգտվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարկետման իրավունքից, իսկ ուսման ավարտից հետո պարտավոր էր զորակոչվել Հայկական բանակ` անցնելու պարտադիր զինվորական ծառայություն: Սակայն Տարոն Մարգարյանը, 23 տարեկանում ձեռք բերելով գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությունը, չի զորակոչվել բանակ (մինչև 27 տարեկանը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի նա պարտավոր էր անցնել պարտադիր զինվորական ծառայություն) և խուսափել է զինվորական ծառայությունից:

-Տարոն Մարգարյանի ապօրինի հարստացման վերաբերյալ.

2005 թվականից առ այսօր Տարոն Մարգարյանը ապօրինի զբաղեցրել է հանրային իշխանության տարբեր պաշտոններ` թաղապետ, Երևանի ավագանի, փոխքաղաքապետ, քաղաքապետ: Այսինքն Տարոն Մարգարյանը` շուրջ տասնվեց տարի գտնվել է հանրային ծառայության մեջ և ստացել է տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձ: Նրա ծառայությունը օրենքով սահմանված կարգով անհամատեղելի է եղել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության հետ: Այս տասնվեց տարիների ընթացքում հանրային ծառայության մեջ գտնվող գյուղատնտեսության մեքենայացման մասնագետ Տարոն Մարգարյանի ստացած եկամուտը կարող էր կազմել առավելագույնը 50 հազար դոլար: Հետևաբար, Տարոն Մարգարյանի ահռելի հարստությունը, որը հասնում է միլիոնավոր դոլարների, ձեռք է բերվել Հայաստանի Հանարապետության քաղաքացիներից յուրացված միջոցների հաշվին:

Եթե Տարոն Մարգարյանը փորձի հիմնավորել միլիոնավոր դոլարների հասնող հարստության աղբյուրը որպես հորից մնացած ժառանգություն՝ ապա ակնհայտ կդառնա, որ հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, նման կարողություն օրինական ճանապարհով չէր կարող ձեռք բերել, քանի որ երբևէ չի զբաղվել ձեռնարկատիրությամբ և մշտապես գտնվել է հանրային ծառայության մեջ՝ ստանալով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված աշխատավարձ: Տարոն Մարգարյանի տիկնոջ և մոր ձեռնարկատիրական տաղանդների, ձեռքբերումների մասին և պաշտոնական աղբյուրներում նրանց կողմից որպես հարկատու վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:

-Տարոն Մարգարյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական լիազորություննների անցման վերաբերյալ.

Ուսումնասիրելով վերջին 6 ամիսների ընթացքում Տարոն Մարգարյանին ուղղված դիմումները, նրա կողմից կայացված որոշումները՝ կարող ենք փաստել նրա կողմից թույլ տրված հանցագործությունների մասին ևս:
2017 թվականի հունիսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսների ընթացքում Տարոն Մարգարյանին են դիմել սոցիալական անապահով վիճակում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերություններ՝ խնդրելով իրենց նվիրաբերել Երևան համայնքին պատկանող գույք կամ հող: Այնուհանդերձ, միայն դիմողների որոշ հատվածն է, որ կարողացել է ստանալ դիմումում բարձրացված խնդրանքի բավարարում: Դիմողների մի հատուկ մասը, որոնք ստացել են նվեր բնակարան կամ հող, իրենց դիմումները ձևակերպել են ավագանու արտահերթ կամ հերթական նիստից մի քանի օր առաջ, իսկ որոշ դեպքերում նույն օրը: Բոլոր դիմողները ՀՀԿ-ին լոյալ անձինք են, ովքեր երբևէ չեն քննադատել երկրում տիրող անբարո կարգերն ու անբարո պաշտոնյաներին:
Ֆիզիկական անձանց նվերների (բնակարանների) ընդհանուր գումարը կազմել է շուրջ մեկ միլիոն դոլար, իրավաբանական անձանց նվերների (հողերի) գումարը կազմել է շուրջ հիսուն միլիոն դոլար:

Երևան քաղաքի բյուջեի եկամուտների և ծախսերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանի բյուջեի 170 միլիոն դոլարից շուրջ կեսը յուրացվում է:

Բյուջեի յուրացման հիմնական տողերը հետևյալն են.
30 միլիոն դոլարը այլ ծախսերի անվան տակ ուղղակի յուրացվում է: Յուրացվում են նաև Երևան քաղաքի պարտականությունների ներքո գտնվող հիմնական ծառայությունների գումարները ևս: Աղբահանման համար նախատեսված շուրջ 16 միլիոն դոլար, օդի աղտոտման համար շուրջ 80 հազար դոլար, կանաչապատման համար 3,5 միլիոն դոլար, Երևանի փողոցների ասֆալտապատման համար շուրջ 8 միլիոն դոլար, ջրային կառույցների շահագործման և պահպանման համար շուրջ 671 hազար դոլար, ավտոկայանատեղերի ստեղծման համար շուրջ 920 հազար դոլար, անտառային տնտեսության, ձկնորսության կամ որսորդության համար շուրջ 153 հազար դոլար, սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման համար շուրջ 650 հազար դոլար, թափառող կենդանիների վնասազերծման համար շուրջ 240 հազար դոլար, հասցեավորման աշխատանքների համար շուրջ 217 հազար դոլար, արտասահմանյան գործուղումների համար շուրջ 130 հազար դոլար, գրասենյակային նյութերի և հագուստի ձեռք բերման համար շուրջ 150 հազար դոլար դրամաշնորհ, տարբեր պետական և համայնքային առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար շուրջ 1 միլիոն դոլար, նվիրատվություն հասարակական կազմակերպությունների համար շուրջ 2,3 միլիոն դոլար, FITCH միջազգային վարկանիշի համար շուրջ 30 հազար դոլար, կրոնական կամ հասարակական կազմակերպություններին Երևանի անդամակցության համար շուրջ 65 հազար դոլար, դրոշների գնման համար շուրջ 93 հազար դոլար, տոնական ձևավորման համար շուրջ 103 հազ դոլար, քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման համար շուրջ 115 հազար դոլար և այլն և այլն: Այս թվերը վկայում են, որ Երևանի բյուջեի առնվազն 50 %-ը յուրացվում է:

Սա է Տարոն Մարգարյանի և մի քանի այլ ընտանիքների կողմից հարստության ձեռք բերման աղբյուրը և եղանակը, նրանց ունեցվածքի սկզբնաղբյուրը, տնօրինման, տիրապետման և օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև դրանց կապը կոռուպցիոն գործարքների կամ հանցավոր
ճանապարհով ստացված եկամուտների հետ։
Սա է այսօրվա ավտորիտարիզմի ներկայացուցիչ պաշտոնյայի մարդկային որակի իրական բնույթը:

Քանի դեռ մենք այս անբարո մարդկանց և այս անբարո կարգերը հանդուրժում ենք, նրանք շարունակելու են իրենց գործունեությունը:

 

Զարուհի Փոստանջյան

28 դեկտեմբեր 2017

Երևան

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: