«Ֆլորենսիա» ռեստորանից երիտասարդները Toyota-ով դուրս են եկել և հայտնվել Հրազդան գետում. վիրավորների մեջ կա բարձրաստիճան ոստիկանի տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 29, 2017 Comments Off on «Ֆլորենսիա» ռեստորանից երիտասարդները Toyota-ով դուրս են եկել և հայտնվել Հրազդան գետում. վիրավորների մեջ կա բարձրաստիճան ոստիկանի տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սամաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Խանդաղյանը իր վարած Toyota մակնիշի 30 VN 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, հարվածել ծառին և հայտնվել Հրազդան գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խանդաղյանը, նրա ուղևոր՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Նարգիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կետրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արշավիր Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան գետից դուրս են բերել փրկարարներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ օգտագործելով վերամբարձ կռունկ և քարշակ։ Դեպքի վայր ժամանած վիրավորների ընկերներն ասում էին, որ նրանք մասնակցելիս են եղել «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում կերուխումի, որից հետո դուրս են եկել այնտեղից ու հայտնվել Հրազդան գետում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Նարգիզյանը Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի պետ Վարդան Նարգիզյանի որդին է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: