ՀՀԿ-ականները սրտատրոփ սպասումների մեջ են

Dec 29, 2017 Comments Off on ՀՀԿ-ականները սրտատրոփ սպասումների մեջ են

ՀՀԿ ԳՄ տարեվերջյան նիստից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ-ն 2017 թվականի քաղաքական տարին դրական է գնահատում:«Մենք այս տարի իրականացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային հանրության և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների դրական վերաբերմունքը: Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական իրավիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն էր թե՛ տնտեսական աճի, թե՛ առհասարակ զարգացման համար»,- հայտարարել է նա:
Շարմազանովի գնահատմամբ՝ այս տարին ևս ապացուցեց, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, և որպես ասածի ապացույց՝ հիշեցրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրումը: Շարմազանովը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարողացել է նաև լուրջ քայլեր անել անվտանգության համակարգի ամրապնդման և բանակի հզորացման ուղղությամբ:
«Մենք առաջնթաց ունեցանք նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում` նկատի ունեմ թե՛ Արցախյան հիմնահարցը, թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որտեղ կարողացանք  որոշակի դրական տեղաշարժեր ապահովել»,- ասել է Շարմազանովը և անդրադարձել տարածաշրջնայաին վերջին զարգացումներին, ռուս-թուրքական զարգացումներին:

Շարմազանովի և ՀՀԿ-ի ինքնագոհությունը թերևս հասկանալի է. ինչ-ինչ, բայց ՀՀԿ-ն 2017-ից դժգոհ լինելու առիթ չպետք է ունենա, որովհետև, բառի ամենուղիղ իմաստով, սուրը փառքով դրել է պատյան: ՀՀԿ-ն խորհրդարանում ստացել է բացարձակ մեծամասնություն և փաստացի տիրապետում է իշխանությանը ամբողջությամբ: ՀՅԴ-ի հետ կոալիցիան իրականում սիմվոլիկա է, դա ՀՀԿ-ի կողմից հին ընկերներին արված ջենտելմենական ժեստ է, որից նրանք Սերժ Սարգսյանի կամքով ցանկացած պահի կարող են հրաժարվել:

Արտաքին ճակատում էլ ՀՀԿ-ի արդյունքները առավել քան երբևէ տպավորոիչ են՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը իրականում Սերժ Սարգսյանի հաղթանակն էր, և այս մասին խոսելը այս դեպքում սնափառություն չէ:

2018-ին ի ծրագրերի հաջորդ կարևոր փուլն է՝ ապրիլին նոր պաշտոններ են բաժանվելու, և այս իմաստով Ամանորը, հատկապես որոշ ՀՀԿ-ականների համար, սպասումների, հույզերի և հույսերի տարի է: Նրանք ոչ միայն գոհ են, այլ նաև սրտատրոփ սպասումների մեջ:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: