Սերժ Սարգսյանը Արթուր Ջավադյանին առավ իր պաշտպանության տակ

Dec 30, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը Արթուր Ջավադյանին առավ իր պաշտպանության տակ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը և շնորհավորել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին: Նրանց ուղղված խոսքում Սերժ Սարգսյանը շեշտել է հատկապես Կենտրոնական բանկի ինքնուրույնությունը՝ նշելով, որ ֆինանսական համակարգը շատ բաներով կանխորոշում է երկրի առաջընթացը, տնտեսական աճը, բայց երբ դրա հիմքում ընկած են օբյեկտիվ իրականություններ, այլ ոչ թե արհեստականորեն մտացածին բաներ. «Կարծում եմ՝ ձեզ ավելի, քան որևէ մեկին, հայտնի են մեր տնտեսության այս տարվա ցուցանիշները, և ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը՝ ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առևտրային բանկերի: Շատ կարևոր է, որ դուք իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է նա՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:

Ո՞ւմ կամ ի՞նչ է ակնարկել Սերժ Սարգսյանը. ովքե՞ր են ցանկացել արհեստական ազդեցություն ունենալ տնտեսության վրա՝ բանկային համակարգի լծակներն օգտագործելով: Սերժ Սարգսյանն, իհարկե, անուններ չի տվել, սակայն նման ցանկություն կարող էր լինել կառավարությունից, այն պարզ պատճառով, որ տնտեսության արհեստական ցուցանիշներ ցույց տալը ձեռնտու էր առաջին հերթին կառավարությանը: Հակամարտություն և շահերի բախում կառավարության և Կենտրոնական բանկի միջև եղել է, որը զգացվել է անգամ կառավարության նիստերի ժամանակ: Օրինակ՝ նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ անդրադարձավ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերին, դրանք որակելով անհարկի բեռ՝ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար:

Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին նիստի ժամանակ հրապարակավ կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Սա կառավարության ղեկավարի կողմից բանկային համակարգի գործունեությանը միջամտելու շատ ակնհայտ փորձ էր:

Բանկային համակարգի ինքնուրույնությունը, որի մասին գովեստով է խոսել Սերժ Սարգսյանը, օրենքի պահանջ է. Կենտրոնական բանկի գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի մասին օրենքով. «ԿԲ-ն շարունակելու է պատրաստակամորեն իրագործել իր հիմնական նպատակները՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ տրված անկախության աստիճանի պահպանմամբ, ինչը տասնամյակներ շարունակ տեսությամբ և փորձով ապացուցված արդյունավետ ուղին է»,- Սերժ Սարգսյանի ներկայությամբ հայտարարել է Արթուր Ջավադյանը:

Ըստ էության, Ջավադյանը ևս ոգևորվել է Սերժ Սարգսյանի գոտեպնդող խոսքերից և որոշել է հասկացնել ում որ հարկն է՝ ինքը հաշվի է նստելու միայն նրա հետ:

 

Հայկ Դավթյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: