Հուղարկավորություն, թե համագումար

Dec 29, 2017 Comments Off on Հուղարկավորություն, թե համագումար

Ժուռնալիստների միության կայացած համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ»թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Միության ավելի քան 40 տարվա նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրաժեշտ տվեց գործող լրագրողների համար վաղուց գոյություն չունեցող կառույցի ղեկավարի պաշտոնին:

Սակայն պարզվեց, որ այդ կառույցը ոչ միայն կա, այլեւ դրա անդամները օրինականության համար մարտնչող մարտիկներ են, որոնք մեղմ ասած հարամեցին Սաթիկ Սեյրանյանի ընտրությունը: Համագումարն անցավ թեժ մթնոլորտում, որից պարզ դարձավ, որ Սեյրանյանին զոռով-շառով նախագահ դարձրեցին:

Նախ ելույթ ունեցավ Աստղիկ Գեւորգյանը, հիշեց արած-չարածը, պարծեցավ, պարծեցավ, որ իր շնորհիվ հազար ու մի հարց է ժամանակին լուծվել այս ոլորտում՝ օրենսդրությունից սկսած, վերջացրած այլով:Որ սրտացավորեն պահել ու պահպանել է միությանը պատկանող գույքը, սակայն ասաց, որ հոգնել է ու պետք է հեռանա՝ մաղթելով, որ նորընտիր վարչությունը անի այն, ինչ իրենք չեն կարողացել անել: Ի դեպ, գրողների միության փոքրիկ դահլիճը կիսադատարկ էր, հանրությանը ծանոթ քիչ դեմքեր կային՝ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, նկարիչների միության նախագահը , Լավրենտին Միրզոյանը եւ այլք:

Աստղիկ Գեւորգյանը հայտարարեց նոր նախագահի ընտրության պահը ու ընկավ կրակը: Լավրենտի Միրզոյանը ընդդիմացավ տեղից՝ սա ի՞նչ համագումար է, պետք է նորմալ համագումար հրավիրել, օրակարգ սահմանել. «Լրագրողները մի տեղ օրենքի խախտում են տեսնում, բարձրաձայնում են, ո՞նց կարող է այսպես: Վարչություն չկա, արդեն լսում ենք Աստղիկ Արսենովնայի հաշվետվությունը, մանդատ չունենք, հիմա պետք է ձե՞ռք բարձրացնենք՝ կողմ ենք, թե դեմ, կանոնադրություն պետք է պահվի, ինձ զանգել կանչել են, բայց այդպես չի լինում»:

Նա բորբոքվեց՝ հիմա ձեւի համար կարող են ասել՝ համագումար անցկացրեցինք, բայց որեւէ մեկը չի ասում՝ «ինչո՞ւ մենք մեր հարկի տակ չենք, Գրողների միությունում ենք, երբ Ժուռնալիստների միությունը 3 հատ շենք է տրամադրվել , այդ շենքը ո՞վ վաճառեց, արենդայով տվեցին, թե ինչ արեցին»: Աստղիկ Գեւորգյանը չհամաձայնեց ու առաջարկեց շարունակել համագումարը: «Սա համագումար չէ>>,- դահլիճից խոռով բացականչում էին շարքերը: ԱԺ Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը խառնվեց հիշեցնելով, որ քիչ ժամանակ ունեն ու պետք չէ հետ նայել, առաջարկեց արագ կազմակերպել ընտրությունը: Նախկին լրագրողը գործի անցավ, Աստղիկ Գեւորգյանն էլ համագումարի նախագահող առաջարկեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին ու գլուխը պրծացրեց իջնելով ամբիոնից: Բայց կրքերը չէին հանդարտվում: Համագումարը հետաձգելու առաջարկ անողներին Հակոբ Մարտունին հակադարձեց. «Խոսում եք Հայաստանի ժուռնալիստների միության մասին, ականջները էլ մի երկարացրեք, այն այլեւս հանգուցյալ է 40 տարի, հողի տակ է, փտած է, չկա: Եկեք հենց հիմա առաջարկություն անենք, նոր ժուռնալիստների միություն պետք է ստեղծվի, արտաշիրիմումը չի փրկի: Նոր միություն է անհրաժեշտ: Էլի ինչ մեկուկես ժամ, Լավրենտ հասկացի, դա մեռած ա, չկա այս միությունը, դեռեւս Գորբաչովի ժամանակ թաղվել է: Եթե մեկը կա, որ լավ լրագրող է, կազմակերպչական ջիղով, եկեք ընտրենք, ինչ եք բոհեմիստական բաներ անում»:

Դահլիճում սկսեցին գոռգոռալ բոլորը, մի մասը առաջարկում էր հետաձգել, մյուս մասը՝ աշուտ ավարտել ու գնալ: Չգիտես ինչու ներկա էր նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նա կոռեկտության կոչ արեց, մեռելներից ինչի՞ եք խոսում, ոչ ոք չի պատրաստվում մեռնել, ապա ինքն էլ հեռացավ դահլիճից: Ընտրությունն, ի վերջո, կայացավ: Երբ ներկայացվեց Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը՝ որպես միության նախագահ, դահլիճից մի երիտասարդ՝ Հարություն Ծատրյանը բողոքեց, ասելով, որ ինքն էլ ինքնառաջադրվում է: Սաթիկ Սեյրանյանը խոստացավ, որ կաշխատի կառույցը հեղինակավոր դարձնել, քանի որ եթե առաջ տաքսու վարորդները միության տեղը հիշում էին, քանի որ այնտեղ վարձակալությամբ տարածք էր տրվել հումորային ակումբի, ապա հիմա դա էլ չեն հիշում: Սեյրանյանը ներկայացրեց վարչության կազմը, նրանց քվեարկությամբ ընդունեցին: Վարչության կազմում են Ռոլանդ Շառոյանը, Զավեն Խաչիկյանը, Արտյոմ Երկանյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Զառա Արամյանը, Մարիետա Մակարյանը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: