Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան.սառույցը հալվեց

Dec 29, 2017 Comments Off on Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան.սառույցը հալվեց

«Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կարելի է պատմական համարել: Միջոցառումը իր նույն հարթակ էր հանել վաղեմի հակառակորդներ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Թե ինչպես ստացվեց, որ նշված անձնավորությունները հայտնվեցին նույն վայրում՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, կարծում ենք՝ կհետաքրքրի շատերին:

Հիշենք սկզբից, ավանդույթի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկների ցանկն ամեն տարի որոշել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, 1958 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա վերջում ֆեդերացիան ներկայացրել է այդ ցանկը: Սակայն վերջին տարիներին, ՀՄԼՖ-ի կողմից հրապարակվող քվեարկության արդյունքները դժգոհություն էին առաջացնում մարզասեր հասարակության մոտ, քանի որ ֆուտբոլիստները չէին հայտնվում լավագույն տասնյակում: Մարզաշխարհը սա պայմանավորում էր Գագիկ Ծառուկյանի՝ այդ ֆեդերացիայի նկատմամբ ազդեցությամբ ու Ռուբեն Հայրապետյանի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այս տարի որոշեցին, որ պետք է փոխել ընտրության կարգը: Այս գործընթացը ստանձնեց սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը: Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած էր 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Ի դեպ, ուշագրավ արդյունք է գրանցվել, քաղաքացիների sms քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայնը ստացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ մարզական լրագրողների քվեարկության արդյունքում՝ Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն: Ընդհանուր արդյունքներով տասնյակը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում՝ Արթուր Ալեքսանյանը, իսկ երրորդում՝ Լևոն Արոնյանը:

Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ: «Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից:Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երեւի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք 20 աշխարհի մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում: Ես ինձ համար չեմ ասում, չեմ բողոքում: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ: Թող տպավորություն չստեղծվի, թե իմ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, եւ դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում քվոտավորված է նաեւ այս ոլորտը, ֆուտբոլը գտնվում է Ռուբեն Հհայրապետյանի ազդեցության, իսկ ըմշամարտը, ծանրամարտը՝ Ծառուկյանի: Ալեքսանյանը ըստ էության ակնարկում է, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ողջ տարին ձախողել է, մինչդեռ կան հաջողված մարզիկներ, որոնք դուրս են մնացել տասնյակից: Սակայն հանուն արդարության չնայած մեր հավաքականը հաջողություններ չի գրանցել, սակայն Մխիթարյանն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բազմահազար հանդիսատեսի համակրանքին արժանացած մարզիկ, որը անշուշտ, պետք է տեղ զբաղեցներ այդ տասնյակում: Իսկ ընդհանուր առումով ընտրության նոր կարգն ավելի ժողովրդավար է եւ հնարավորինս մոտ իրականությանը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ Ծառուկյանի եւ երկրի նախագահի մեղքը չի, որ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ մեր մյուս մեդալակիրները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում: Նրանք պետք է չնեղվեն: Երկրի նախագահի հետ քննարկեցինք եւ որոշեցինք այս տարի եւ այսուհետ այսպես անցկացնել քվեարկությունը, որպեսզի հետո չլինեն զրույցներ, թե ինչու Պողոսը կա տասնյակում, իսկ Պետրոսը՝ ոչ: Արդյոք այսպիսով կոտրվել է ոլորտում Ծառուկյանի մենաշնորհը եւ դրանով է պայմանավորված Ալեքսանյանի դժգոհությունը, սակայն դրա փոխարեն սառույցը հալվել եւ նույն հարթակում այլեւս կանգնում են վաղեմի հակառակորդները:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: