Ասպիրանտական կրթական ծրագրերի 50 %-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով

Dec 27, 2017 Comments Off on Ասպիրանտական կրթական ծրագրերի 50 %-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով

ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը, այսօր գումարելով այս տարվա վերջին նիստը, դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծին:

Տեղեկությունը հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունը:

Վերոնշյալ իրավական փաստաթուղթն արմատական փոփոխություններ է առաջարկում բարձրագույն կրթության համակարգում: Մասնավորապես, նախատեսվում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք այլեւս տեղ չպիտի ունենան բուհերի կառավարման խորհուրդներում: Գործող օրենսդրությամբ, նրանց քանակն, ընդհանուր առմամբ, կազմում է խորհրդի անդամների 25-50 տոկոսը:

Բայց միեւնույն ժամանակ նվազեցվելու է նաեւ ուսանողների ներկայացվածությունը խորհուրդներում: Եթե այժմ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, կառավարության եւ ԿԳ նախարարությանն ներկայացուցիչները խորհուրդներում 25-ական տոկոս են, նոր նախագծով սահմանվում է հետեւյալ համամասնությունը. 30 տոկոս պրոֆեսորադասախոսական անձնակազմ, 10 տոկոս ուսանողություն, 30 տոկոս գործատուներ, 20 տոկոս՝ հիմնադիր (կառավարություն) եւ 10 տոկոս՝ լիազոր մարմին (ԿԳՆ):

«Հաջորդ կարեւոր հարցը ֆինանսավորման համակարգի փոփոխությունն է. գործող օրենքով պետպատվեր համակարգում սովորող ուսանողը միանգամից երեք արտոնություն է ստանում՝ անվճար կրթություն, տարկետման իրավունք եւ պետության կողմից տրվող 5000 դրամ կրթաթոշակ: Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ բուհերի բյուջեների 95 տոկոսը գոյանում է ուսման վարձավճարներից: Այս կախվածությամբ պայմանավորված՝ բուհի ղեկավարությունը չի ուզում հրաժարվել անգամ ցածր առաջադիմությամբ ուսանողից: Նախագծով ֆինանսավորման երեք մոդել է առաջարկվում՝ առաջինը բուհի նվազագույն կարիքների համար տրվող բազային ֆինանսավորումն է, երկրորդը մրցութային կարգով տրվող կրթաթոշաները եւ երրորդ՝ մրցակցային գործակիցով տրվող ֆինանսավորումն է: Նախագծով բուհերին առաջարկվում է նաեւ ստեղծել անձեռնմխելի ֆոնդեր»,- նիստի ընթացքում նշել է ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը:

Փոխնախարարի խոսքով՝ փորձ է արվել նաեւ ամրապնդել բուհերի ու գիտական համակարգի կապը եւ այդ նկատառումով սահմանվել է, որ կրեդիտների որոշակի քանակություն կարելի է ստանալ նաեւ գիտական հաստատություններում:

Սա եւս որոշակիորեն կապված է ֆինանսավորման համակարգի հետ, որովհետև կրեդիտները պետք է ունենան որոշակի գնային արժեք՝ ուսանողին կրեդիտներ ապահովող գիտական հիմնարկը, բնականաբար, պետք է ստանա համարժեք գումար, որը հաշվարկված է բուհի կողմից ուսման վարձավճարի մեջ: Հաջորդ կարեւոր խնդիրը բուհերի միջազգայնացումն է եւ այստեղ եւս լուրջ փոփոխություններ են նախատեսվում. «Մագիստրոսական կրթական ծրագրերի 30, իսկ ասպիրանտական կրթական ծրագրերի 50 տոկոսը կարող է կազմակերպվել օտար լեզուներով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: