Սա է ամբողջ «գաղտնիքը»

Dec 27, 2017 Comments Off on Սա է ամբողջ «գաղտնիքը»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր,  Բաբկեն Թունյանին

Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Պարոն վարչապետ, Երբ ասում եք՝ բիզնեսի առաջարկներն ընդունվել են, ո՞ւմ նկատի ունեք։ Կան գործարարներ, ովքեր պնդում են, որ իրենց կարծիքը չեք լսում կամ հաշվի չեք առնում։ Ինչպե՞ս եք ընտրում այդ գործարարներին, ում հետ երկխոսում եք։ Ի՞նչ չափանիշերով։

Վարչապետ– Հարթակները կարող են իրենք ձևավորել. բայց այսօր էլ գործարարը մի քանի հարթակներ ունի՝ Հարկայինը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (Բողոքարկման հանձնաժողովի ժամանակ ես դեպք չեմ հիշում, որ Ս. Կարայանը բիզնեսի շահերը չպաշտպանի), Ֆինանսների նախարարությունը, իմ աշխատակազմը։

Համենայն դեպս, մենք չգիտենք որևէ գործարար, ով առաջարկ է ուզում հնչեցնել և չգիտի՝ որտեղ դա անել։ Իսկ եթե գործարարն ասում է՝ ես առաջարկություն ունեմ, բայց իմ դուռը չեն թակել, չեն հարցրել, չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։

Բացի այդ, մենք աշխատում ենք այն հարթակների հետ, որոնք իրենք են ձևավորում. օրինակ՝ Արսեն Ղազարյանի միությունը, Գագիկ Մակարյանի Միությունը, Հարկ վճարողների ասոցիացիան, առևտրաարդյունաբերական պալատները։ Բոլորի հետ էլ աշխատում ենք։

Չեմ ասում, որ բոլոր առաջարկները մենք ընդունելու ենք։ Բայց ես չգիտեմ գործարար, ով չիմանա՝ որ դուռը թակել, որպեսզի պետությունն իրեն լսի։

Բ.Թ.- Արտաքին առևտրի մասին. արդեն մի քանի օր է՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով շեշտվում է, որ արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Դա այդպես է։ Սակայն, մյուս կողմից, ներմուծումն ավելի արագ է աճում, ինչը նշանակում է, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճում է։ Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին արտահանումը հասցնել ներմուծմանը։ Նման տեմպերով դա ինչպե՞ս է հնարավոր, եթե հակառակն է տեղի ունենում։

Վարչապետ- Արտահանման և ներմուծման հարաբերակցությունն այժմ 1,7-ից մի քիչ բարձր է, ինչը վատ չի։ Սա՝ մեկ։ Իսկ 2 մլրդ դոլարից ավելի արտահանումն իրոք տպավորիչ թիվ է, որովհետև 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում արտահանել ենք 1,8 մլրդ դոլարից քիչ ապրանք։ Եվ երրորդ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է, որ ներմուծման մեջ 51%-ից ավելին կապիտալ և շրջանառու միջոցներն են։ Հիմա դուք ասում եք՝ ներդրումներ։ Եթե այդ ներդրման շրջանակներում հաստոց է գալիս Հայաստան, դա, բնականաբար, ներմուծման մեջ պետք է արտացոլվի։

Բ.Թ.- Պրն վարչապետ, ՏԶՆ նախարարությունից բացի՝ ներմուծման կառուցվածքի վերաբերյալ նման տվյալներ հրապարակում է նաև Ազգային վիճակագրական ծառայությունը։ ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում կապիտալ ապրանքները կազմել են ընդհանուր ներմուծման մոտ 15%-ը։ Նախորդ տարվա համեմատ՝ ոչ մեծ աճ կա կապիտալ ապրանքների մասով։ Սակայն, երբ կապիտալ ապրանքների գործոնը հանում ենք, մնացած ապրանքների մասով նույնպես ներմուծման աճն ավելի արագ է, քան արտահանմանը։

Վարչապետ– Դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ 10 տարի առաջ ունեինք 1:3 հարաբերակցություն. արտահանման յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց ունեինք 3 դոլար ներմուծում։ Այժմ այդ հարաբերակցությունը 1:7 է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ հենց առաջին տարում արտահանումը հասներ ներմուծմանը։

 

Բ.Թ.- Գնողունակությու՞նն է աճել, թե՞ պարզապես մաքսային վիճակագրությունն է բարելավվել։ Որ եթե նախկինում սառնարանը բերում էին մեխի անվան տակ, հիմա սկսել են հենց որպես սառնարան էլ ձևակերպել։

Սուրեն Կարայան– Դա էլ կա, նա էլ։ Այո, մաքսանենգությունը նվազել է, ու դա երևում է նաև ներմուծման ծավալների մեջ։ Բայց մեզ համար կարևորն այս պահին այն է, որ մենք տարին կփակենք 23,8%-ից ավելի բարձր արտահանման աճով, ու բոլոր նախադրյալները տեսնում ենք, որ հաջորդ տարի նույնպես այդ տեմպերով կշարունակենք։

Աշոտ Մանուկյան– Տեսեք, մենք ունենք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։ Իրան-Հայաստան գիծը, որը մենք կառուցում ենք, արժեքը 107 մլն եվրո է։ Դրա 70%-ը սարքավորումներ են, որոնք պետք է ներմուծվեն, որ կարողանանք կառուցել։ Կամ Շնող ՀԷԿ-ը, որի արժեքից մոտ 120 մլն-ը սարքավորումներ են։ Ընդ որում, միշտ չէ, որ խոսքը սարքավորումների մասին է։ Օրինակ, մետաղական կոնստրուկցիաները չեն մտնում կապիտալ ծախսերի մեջ, բայց պետք է բերենք, որ կառուցենք։ Այսինքն՝ ինչքան շատ ենք աշխատում, բնական է, որ ներմուծումը պետք է ավելանա։

Բ.Թ.- Աղքատության մասով՝ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։ Թոշակները, պետական հատվածի աշխատավարձերը չեն աճել ու չեն աճելու, իսկ գներն աճել են և աճելու են։ Այսինքն՝ 2017 և 2018 թվականներին աղքատության մակարդակի էական նվազում դժվար թե լինի։ Մյուս կողմից՝ խոստացել եք աղքատության մակարդակը մինչև 2022թ. նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնել 18%-ի։ 2 տարին հանենք, ստացվում է՝ 2019-2022 թվականներին աղքատության մակարդակը պետք է կտրուկ նվազի։ Ինչի՞ հաշվին է դա լինելու։

Վարչապետ – Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։

Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի։

Բ.Թ.- Հենց սա է խնդիրը, շատերը Ձեր նշանակվելով՝ սպասում էին արագ փոփոխությունների։ Դուք հայտարարում էիք, որ արագ փոփոխություններ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ 1 տարի անցել է, երկրորդ տարին էլ կանցնի… Բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։

Վարչապետ– Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում։

Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն։

Վաչե Գաբրիելյան– Եթե նայենք տնտեսական աճի դինամիկան, մենք սկսել ենք ցածր պոտենցիալով և այսօր գնում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճի։ Դա նշանակում է, որ միջին տնտեսական աճը գնում է ոչ թե հավասարաչափ, այլ արագացումով, որովհետև ցածր պոտենցիալից ենք եկել։ Աղքատության մակարդակի փոփոխությունն էլ պետք է լինի տնտեսական աճին զուգահեռ։ Մեր տնտեսական աճի պոտենցիալը վերջին տարիներին ընկել էր մինչև 2-3%, իսկ մենք ենթադրում ենք՝ 5% և ավելի տնտեսական աճի գալ ավելի վերջում, նշանակում է՝ այդ աճի ազդեցությունը վերջում կումուլյատիվ է զգացվելու։ Հավասարաչափ, աստիճանական տնտեսական աճ, զուտ տնտեսության բնույթից ելնելով՝ չի լինելու։ Դրան հնարավոր է հասնել միայն վերաբաշխման շնորհիվ, սակայն դա էլ նպատակահարմար չի, որովհետև կվտանգի մակրոտնտեսական կայունությունը։

Սուրեն Կարայան– Աղքատության նվազման հետ կապված հիմնական շեշտադրումը դրվել է ոչ թե սոցիալական քաղաքականության վրա, այլ տնտեսական աճի՝ իհարկե, մեծ դեր վերապահելով սոցիալական ծախսերին։ Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 1% տնտեսական աճն աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսային կետով։ Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսական աճը լինի ավելի որակյալ, ավելի ներառական։ Ի դեպ, կան երկրներ, որ 1% տնտեսական աճը հանգեցնում է աղքատության նվազեցման 1 տոկոսային կետով։ Մենք 2 ուղղություններով էլ աշխատանքներ ենք իրականացնում՝ ունենալ կայուն 5% տնտեսական աճ, և դրան զուգահեռ՝ այնպես անել, որ դրա ազդեցությունն ավելի մեծ լինի եկամուտների վերաբաշխվածության տեսանկյունից։

Վարչապետ– Մի գործոն էլ նշեմ։ Միգուցե բաժանումը շատ արհեստական է, բայց ես ինքս ինձ համար ճյուղերը բաժանել եմ այսպես՝ վերտիկալ և հորիզոնական։ Ուղղահայացն այն ճյուղերն են. որոնք 1 դոլար կամ 1 աշխատողի դեպքում առավելագույն արդյունք են տալիս (օրինակ՝ ՏՏ ոլորտ, high tech), իսկ հորիզոնականը՝ որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում (օրինակ՝ թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Ինչո՞ւ ենք մենք այսօր գյուղատնտեսությանն ու թեթև արդյունաբերությանը հատուկ ուշադրություն դարձնում. որովհետև այդ ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում, չնայած ՀՆԱ-ի մեջ հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից՝ արդյունավետությունը ցածր է, քան վերտիկալ ոլորտներում։

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: