ՀՀԿ-ում կասկած կա՞ Սերժ Սարգսյանի անփոխարինելության հարցում

Dec 29, 2017 Comments Off on ՀՀԿ-ում կասկած կա՞ Սերժ Սարգսյանի անփոխարինելության հարցում

2018 թվականի վարչապետի խնդրի, կամ Սերժ Սարգսյանի իշխանության շարունակության հարցը շարունակում է լինել ՀՀԿ ներկայացուցիչներին ուղղվող գլխավոր հարցերից մեկը, իսկ դրան ի պատասխան շարունակում են հավաստիացումները, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Դեկտեմբերի 27-ին այդ մասին դարձյալ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ավելին Շարմազանովը որպես կուռքի է խոսել Սերժ Սարգսյանի մասին․«Ինձ համար պատիվ է լինել հայրենիքի ու պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, որ կարող եմ ներդրում ունենալ ՀՀ պետականաշինության գործում», – ասել է նա ու շեշտել՝ իրենց կուսակցությունում կա մեկ լիդեր: «Մեր կուսացկությունում կա մեկ լիդեր, ես բոլորին շատ եմ հարգում, օբյեկտիվորեն այդպես է և Կարեն Կարապետյանի համար, և Վիգեն Սարգսյանի համար, մեր լիդերը որ պաշտոնում կլինի կամ չի լինի, մենք կքննարկենք՝ ինչպես պետության համար արդյունավետ կլինի, մենք այդպես էլ կորոշենք», – ասել է Էդուարդ Շարմազանովը:

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարություններ են անում ոչ միայն Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը, այլեւ շատ ու շատ հանրապետականներ եւ ոչ միայն, օրինակ այդ պատկերացումն ունի անգամ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը։ Սակայն միանգամայն զարմանալի է, որքան մոտենում է վարչապետի ընտրության ժամանակը , այնքան ՀՀԿ-ում շատ են կրկնում Սերժ Սարգսյանի անփոխարինելության մասին,ինչը տարակուսանքի տեղիք է տալիս։ Որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է ՀՀԿ-ում, ապա կարիքը չկա այդ մասին անվերջ հիշեցնելու, բարձրաձայնելու։ Նշանակում է արդյոք, որ ՀՀԿ ղեկավարի հետնախագահական կարգավիճակի հարցը դեռեւս վերջանական լուծում չի գտել, իսկ լուծման բանալիները ոչ միայն Հանրապետականի ձեռքերում է, այլեւ Ռուսաստանի, որտեղից ստացած երաշխավորությամբ էլ ընտրվում են ղեկավարները։ Խնդիրն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես ցանկանում է 2018-ից հետո վարչապետ աշխատելու ցանկություն, պատահական ու շարքային ՀՀԿ-ական չէ ու ոչ պակաս մոսկովյան կապեր ունի, որքան Սերժ Սարգսյանը։ Գուցե անփոխարինելիության մասին հայտարարություններով ՀՀԿ-ում ջանում են նժարը թեքել Սերժ Սարգսյանի կողմը ու լսելի դարձնել կուսակցության ներքին ձայնը։ Չի բացառվում նաեւ, որ իրականում ինչպես մամուլն է գրում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ արդեն պայմանավորվածություն ունի վերջինիս վարչապետությամբ փոխվարչապետ աշխատելու վերաբերյալ։

Պարզապես քանի որ դեռեւս սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկություն չունի ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ եւ ոչ էլ երկրի ղեկավար այլ պաշտոնում աշխատելու, Հանրապետականները այդ աղերսագրերով հող են նախապատրաստում նախկին խոսքերից հրաժարվելու, եւ հանրության առաջ սեւերես չլինելու համար։ Այդուհանդերձ, ՀՀԿ խոսնակի պատասխաններից դատելով՝ ավելի հավանական է առաջին տարբերակը եւ Կարեն Կարապետյանը ըստ էության այս պահին Սերժ Սարգսյանի մրցակիցն է։ Այլապես ՀՀԿ խոսնակը բացահայտ կամ քողարկված «բոչկաներ» չէր գլորի Կարապետյանի ուղղությամբ։ Բանն այն է, որ խոսելով ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի մասին, որը հանդիսանում է «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, եւ պատասխանելով հարցին՝ ՀՀ-ին պե՞տք են գողերին ֆինանսավորող քրեական հեղինակության ներդրումները, Էդուարդ Շարմազանովը նրբորեն դուրս է եկել Կարեն Կարապետյանի դեմ, խոսնակը նախ հորդորել է`չխախտել անմեղության կանխավարկածը, ապա ասել, որ յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար կարեւոր է ներդրումների թափանցիկ լինելը։

Ուշագրավ է, որ անգամ դաշնակցական Արծվիկ Մինասյանը, որին Կարեն Կարապետյանը աչքով աչք չունի եւ մամուլը գրում է, որ նրանց ջրերը մեկ առվով չի հոսում, երկու օր առաջ ավելի հանրապետական պատասխան տվեց, երբ հարցրեցին վարչապետի մերձավորի կեղտոտ փողերի մասին․«Առաջնորդվել մոտեցումով՝ գումարները հանցավոր ծագում ունեն, թե ոչ, դեռ պետք է պարզվի: Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նրա կողմից որևէ ներդրում չպետք է լինի… Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»,- պատասխանել էր բնապահպանության նախարարը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի անփորինելության հարցը մեծ հարցականի տակ է, այլ հարց է, որ ՀՀԿ-ում որոշ հատված, բայց ոչ բոլորը, ցանկանում են դա իրականություն տեսնել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: