Քաղաքական ծեծուջարդեր 2017 /տեսաշար/

Dec 28, 2017 Comments Off on Քաղաքական ծեծուջարդեր 2017 /տեսաշար/

Հայաստանի խորհրդարանը նախկինում էլ աչքի չի ընկել բարեկրթությամբ, քաղաքական առողջ բանավեճը բռունցքներից գերադասող պատգամավորների մեծամասնությամբ։ Անկախության տարիներից ի վեր փոխադարձ վիրավորանքները երբեմն –երբեմն տեղի են տվել ֆիզիկական ուժին, կողմերը կորցրել են միմյանց լսելու եւ հակադարձման ունակությունը եւ բռունցքներ ճոճել, սակայն դա եղել է ծայրահեղ միջոց։ Որպես սրտի մխիթարանք, բազմաթիվ դեպքեր կան ու շարունակվում են այլ՝ ավելի բազմափորձ եւ քաղաքական մշակույթի երկար ճանապարհ անցած խորհրդարանների կյանքում,սակայն մեզ մոտ կոնկրետ այս տարվա միջադեպերը ոչ թե գաղափարական, այլ բոլորովին այլ հողի վրա էին:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հաշվեհարդարի փորձը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ միջանցքում, անմիջապես գրավեց ակտիվ հանրության ուշադրությունը։ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ընդամենը խորհուրդ էր տվել երբեմնի ընդդիմադիր, իսկ այսօր կարկառուն հանրապետական գործընկերոջը՝ Մուշն ու Արդահանը գրավելու փոխարեն խոսել լենինիզմից ու կոմունիզմից։ Դե, իսկ Գեղամյանն էլ նախ արձագանքել էր՝ չափդ մի կորցրու, հետո էլ, Նիկոլ Փաշինյանին հանդիպելով ԱԺ միջանցքում, հարձակվել նրա վրա։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն իրենց բախման մասին ֆեյսբուքյան գրառում էր արել եւ հայտարարել, որ ինքը կոշիկները փայլեցրել է Գեղամյանով։ Ապա ԱԺ նիստի ժամանակ «Ելք»-ականները հարց բարձրացրին՝ դիմելով Հանրապետականին եւ կոչ անելով կարգի հրավիրել իրենց «բաեւիկներին», հակառակ պարագայում ստիպված կլինեն խորհրդարան գալ «կասկաներով ու դուբինկեքով»։

Հաջորդ միջադեպը, որի կողմերը գողականով հրաժարվեցին <<ցուցմունք>> տալ այդ մասին, տեղի ունեցավ հաշված օրեր առաջ, երբ  խորհրդարանում քվեակության էր դրվել Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու չարաբաստիկ նախագիծը: Ծառուկյան դաշինքում քվեարկությանը չմասնակցելու հայտարարությունը չէր լսել Նապոլեոն Ազիզյանը եւ կատարել ՀՀԿ-ի համար վճռորոշ քվեարկություն: Սա հարուցել էր ԲՀԿ- ական Սերգեյ Բագրատյանի զայրույթը , նա հենց դահլիճում  չէր զսպել իրեն ու հայհոյախառն բառապաշար էր ցուցադրել Ազիզյանի հասցեին: Վերջինիս ընկերոջ որդին՝ Արթուր Մանուկյանն էլ կանգնել էր տարեց պատգամավորի թասիբին ու հաշիվ պահանջել իր թիմակից պատգամավորից: Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որը սակայն տեղի էր ունեցել լրագրողների աչքից հեռու, ինչից օգտվելով պատգամավորները Ծառուկյանի հետ դաստիարակչական հանդիպոմից հետո կտրականապես հերքեցին ծեծի փաստը:

Սակայն քաղաքական ծեծուջարդի մեկնարկը դրվել էր դեռեւս տարեսկզբին՝ խորհրդարանի պատերից դուրս: Ապրիլյան ընտրություններից առաջ: Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ ունեցան, խոսքը պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի թիմերի բախման է, որի մասին լուրն արագ թափով տարածվեց : Կողմերի միջեւ բախումը մրցակցային հիմքի վրա էր, թեկնածուներից մեկը նախընտրական շտաբ էր բացել ճիշտ այն տեղում, որտեղ հարեւանությամբ մյուսն արդեն շտաբ ուներ: Լեզվակռիվը փոխվել էր ձեռնամարտի:

Պատրաստեց՝Անի Սահակյանը

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: