Հարկային արտոնություն՝ Սամվել Կարապետյանի մտերիմին

Dec 28, 2017 Comments Off on Հարկային արտոնություն՝ Սամվել Կարապետյանի մտերիմին

Կառավարությունը Նոր տարվա տոներին ընդառաջ որոշել է հերթական նվերը մատուցել Սամվել Կարապետյանի շրջապատի հետ կապվող ընկերությանը: «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2018 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով: Այս որոշմանը հաջորդել էր մեկ այլ որոշում, որը կայացվել էր դեկտեմբերի 7-ի կառավարության նիստում:
Ըստ այդմ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում` Մ. Մելիքյան փողոց նրբանցք 23 հասցեում, ավելի քան 6300 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ շուրջ 5.8 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով կօտարվեն «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:
Ընկերությունը, ըստ նախագծային փաստաթղթերի, ներկայացրել է կոշիկի և հագուստի արտադրության ներդրումային ծրագիր: «Դամալա Գրուպ»-ը երկու տարվա ընթացքում խոստացել է իրականացնել 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ապահովել 350-450 աշխատատեղ: Որոշման հիմավորման մեջ նշվում էր, որ 5-ից 3 միլիոնը` առաջին տարում է կատարվելու: Մոտ 6300 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և մոտ 5,8 հա մակերեսով հողատարածքը, որոնց ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ կազմել է 386 մլն դրամ, ի վերջո «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին փոխանցվեց 300 մլն դրամով, որից միայն 262 մլն դրամը հողամասի զուտ կադաստրային արժեքն էր:
Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ կառավարության որոշման նախագծում հստակ պահանջներ և պայմաններ, թե ինչ է լինելու, եթե ընկերությունը չկատարի ներդրումային պարտավարությունները, չկան:
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը Սերգեյ Սոֆոյանն է, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին է:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Սոֆոյանը ԱԺ-ում հայտնվել է գործարար, «Տաշիր Գրուպ»-ի համասեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ: Նրանց մտերմությունը գալիս է դեռևս Կալուգայից: Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն` Հովհաննես Սոֆոյանը ծնունդով Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղից է: Թերևս ընկերության անունը նաև այդ հանգամանքով է պայմանավորված: Նա 1988-1989 թթ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի «Արմենիակալուգաշին» շինարարական վարչության պետի տեղակալ, 1991-2003 թթ.` պետ:

2008 թ. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալը և գործադիր տնօրենն է:

2012 թ. «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ է:

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից:
«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2015 թ., երբ Հովհաննես Սոֆոյանը պատգամավոր էր: Սոֆոյանը պատգամավորական ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել: Նրա անունը լրատվամիջոցները միանգամից շրջանառեցին՝ եկամուտները թաքցնելու և լիարժեք հայտարարագիր չներկայացնելու համատեքստում:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: