Մի ողջ տարի «հուպ» են տվել

Dec 28, 2017 Comments Off on Մի ողջ տարի «հուպ» են տվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:Ըստ կառավարության պաշտոնական հողորդագրության՝ օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

Տեղեկատվության մեջ կոնկրետության այնքան մեծ բաց կա, որ բացարձակ հնարավոր չէ հասկանալ, թե  որևէ թիվ կամ փաստ չկա, որից կարելի է ենթադրել, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» արել է այս կամ այն գործը: Ընդամենը երկու տասնայկի հասնող աշխատակազմ ունեցող կենտրոնը հազիվ թե կարողանար մեկ տարում ռազմավարական ծրագրեր մշակել հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում: Իսկ կենտրոնի առաքելությունը, հիշեցնենք, տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ ռազմավարական ծրագրերի մշակումն էր: Համենայն դեպս, կենտրոնի բացման ժամանակ նման խնդիր դրել էր հենց ինքը՝ վարչապետը: Կենտրոնի բացումը հանրության համար հիշարժան դարձավ Կարեն Կարապետյանի կողմից կենտրոնի տնօրենին ուղղված «Ալե՛քս, հո՛ւպ տուր» հայտնի արտահայտությամբ: Ալեքսին ու նրա թիմին տրվել էին հարմարավետ պայմաններ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխատասենյակներ, բարձր աշխատավարձ: Ողջ տարվա ընթացքում նրանք հուպ են տվել, բայց արդյունքը, որից պարզվում է՝ շատ գոհ է վարչապետը, անհասկանալի ու անտեսանելի է: Համենայն դեպս, եթե մի կենտրոն մեկ տարվա ընթացքում գոնե մի կոնկրետ արված գործ չի ներկայացնում, նշանակում է արդյունք, որպես այդպիսին կա՛մ չկա, կա՛մ էլ եթե կա, ապա այն բնորոշվում է «0» թվով:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: