Ռոբսոնի «կեղտոտ փողերն» ու Հայաստանի չստացված ներդրումները   

Dec 29, 2017 Comments Off on Ռոբսոնի «կեղտոտ փողերն» ու Հայաստանի չստացված ներդրումները   

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ։

Ազատություն ռադիակայանին նման մեկնաբանություն էր տեվել վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանը:

«Ես որքան գիտեմ՝ կոնկրետ Ձեր նշված անձնավորությունը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, էդ՝ մեկ: Եվ երկրորդը՝ վարչապետի խնդիրը չի անձամբ ճանաչել ակումբի բոլոր անդամներին կամ իմանալ բոլոր ակումբի անդամներին: Մեր մոտեցումը, որը արտահայտել է վարչապետը, շատ հստակ է, բազմիցս արտահայտվել է Կարեն Կարապետյանի կողմից՝ մենք պատրաստակամ ենք աջակցել և համագործակցել ցանկացած գործարարի հետ, որը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Սա է իմ մեկնաբանությունը»,- նշել էր վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը: Խոսնակը նաև խուսափել էր պատասխանել, թե արդյոք ՀՀ կառավարությունը կընդունի Թաթուլյանի ներդրումները Հայաստանում:

«Հայաստանի ներդրողների ակումբից» ևս «Ազատությանը» տեղեկացրել էին, որ Ռուբեն Թաթուլյանը ակումբի անդամ չէ: Ի պատասխան հարցերի, թե նա նախկինում եղե՞լ է անդամ, կամ ե՞րբ և ի՞նչ հանգամանքներից հետո է դադարեցվել նրա անդամակցությունը, գրասենյակից հորդորել են գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով հնարավորության դեպքում պատասխանել նամակին։

ԱՄՆ սև ցուցակում հայտնված հայազգի Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով և ըստ տեղեկությունների առնչություններ ունի հանվացոր աշխարհի հետ, վերջին երկու օրերին հայաստանյան ԶԼՄ-ների և սոցակտիվիստների ակտիվ քննարկման թեմաներից էր: Ներդրողների ակումբի հետ կապված վարչապետի խոսնակի մեկնաբանությունը, անկախ նրանից՝ այն համապատասխանում էր իրականությանը, թե ոչ, այս պահի համար համարժեք պատասխան էր: Իսկապես ամենևին էլ պարտադիր չէ, որ վարչապետն անձամբ ճանաչի բոլոր հնարավոր ներդնողներին: Հայաստանի խնդիրն այս պահին ներդրումներ ներգրավելն է, և եթե նույն Ռուբեն Թաթուլյանը նման ցանկություն իրապես ունենա, ապա առնվազն անմտություն կլինի քննարկել նրա կողմից Հայաստանի տնտեսության մեջ ներդրվող գումարների ծագումնաբանությունը: Մենք պետք է ողջունենք ցանկացած ներդրման փորձ, եթե այդպիսին լինի: Հստակ տեղեկություն, որ Թաթուլյանը մտադիր է Հայաստանում բիզնես դնել չկա, հետևաբար դրա ընդունելի կամ  անընդունելի լինելու մասին խոսելը նույնն է, ինչ որ ջուր չտեսած բոբիկանալը:

Աշխարհում շրջանառվող միլարդավոր դոլարների շատ քիչ տոկոսի ծագումնաբանությունն է մաքրամաքուր և արծաթափայլ: Նույն ԱՄՆ-ում ևս կան և կլինի կեղտոտ փողերի լվացման և շրջանառության կանխարգելման խնդիր՝ սկսած  թմրամիջոցների  շրջանառությունից, վերջացրած տեռորիստական տարբեր խմբավորումների անուղղակի հովանավորչություն:

Թե ինչու է Ռուբեն Թաթուլյանը հայտնվել ԱՄՆ Ֆինանսների նախարարության սև ցուցակում, թերևս  Թաթուլյանի, ԱՄՆ և գուցե նաև Ռուսաստանի խնդիրն է, որտեղ Թաթուլյանը ծավալում է իր հիմնական բիզնեսը:

Հայաստանի համար առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ռուբեն Թաթուլյանն ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր, որը նրան տրվել է բոլորովին անհասկանալի ավանդի և գործունեության համար:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: