Մոսկվան կպաշտպանի Թուրքիային՝ ավիացիայի և հրթիռների հարձակումներից

Dec 27, 2017 Comments Off on Մոսկվան կպաշտպանի Թուրքիային՝ ավիացիայի և հրթիռների հարձակումներից

Ռուսաստանը Թուրքիային ՀՕՊ պաշտպանության առաջին С-400 համալիրները կմատակարարի 2019թ. վերջին, 2020 թ. սկզբին, ռուսական գործակալությունների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Նա չի ճշգրտել ծավալը՝ նշելով, որ կարևոր է նախ պայմանագիր ստորագրել:

С-400-ների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագրի մի մասը վճարվել է Ռուսաստանի տրամադրած վարկով, մատակարարումները կսկսվեն 2019 թվականի վերջին-2020 թվականի սկզբին, իր հերթին նշել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը՝ ըստ TASS գործակալության։

Կոժինի խոսքով՝ բոլոր հարցերը լուծված են, օրերս պայմանագիրը կմտնի իրագործման փուլ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական С-400-ների ձեռքբերման հետ կապված հարցը լուծված է։ С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Գործողության միջին շառավղում կիրառելի է նաև ցամաքային օբյեկտների դեմ։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների նախաշեմին արդեն վստահեցրեց, որ գործարքը կայացած է, և С-400-ները Ռուսաստանը կմատակարարի Թուրքիային:

Ռազմատեխնիկական հարաբերությունները՝ ռուս-թուրքական հարաբերություններում միակ ձեռքբերումայինը չեն, Մոսկվան ու Անկարան, ձգտում են ամեն գնով կայունացնել հարաբերությունները նաև այլ ոլորտներում` առևտրատնտեսականից մինչև էներգետիկ ու տուրիզմի ոլորտի զարգացում:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը նախօրեին առաջարկել է պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին նա հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Պակիստանում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողովի շրջանակում։ «Մենք կցանկանայինք հանդես գալ մեր պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմը պարզեցնելու խնդրանքով»,-Քահրամանի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։

Նա նշել է, որ վերջին տարում զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է նկատվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը գերազանցել է 4 մլն մարդը։ «2019-ն անվանված է երկկողմ հարաբերություններում մշակույթի և զբոսաշրջության տարի»,-հիշեցրել է Քահրամանը՝ հույս հայտնելով, որ այդ փաստը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Այպիսով, Մոսկվայի ու Անկարայի համար 2018-ը խոստումնալից է թվում ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային տարբեր խնդիրներին փոխշահավետ համագործակցության առումով:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: