Հեռանալ եւ չխանգարել. Վիգեն Սարգսյանի նոր առաջարկը Սերժ Սարգսյանին

Dec 26, 2017 Comments Off on Հեռանալ եւ չխանգարել. Վիգեն Սարգսյանի նոր առաջարկը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեի իր հեռուստահարցազրույցում պատասխանելով 2018 թվականի վարչապետի վերաբերյալ իշխանության, Սերժ Սարգսյանի որոշման մասին հարցին, տվել է բավականին հետաքրքիր պատասխան: «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձեւավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների եւ դրանց իրականացման որակի նկատմամբ: Այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ կա մեծամասնություն, որի իրական ազդեցության կենտրոնները դուրս են այն սխեմայից, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում, կամ այդ խորհրդարանի կողմից ձեւավորվող հանրային պաշտոններում»:

Վիգեն Սարգսյանի պատասխանը բավականին բազմիմաստ է, կամ բազմաշերտ: Նա փաստացի խոսում է մի իրավիճակի մասին, որն ապրիլից հետո Հայաստանում կարող է լինել հավանական իրողություններից մեկը, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո չստանձնի վարչապետի պաշտոնն ու հեռանա դե յուրե իշխանությունից: Այդ դեպքում դե ֆակտո իշխանությունը Հայաստանում կենտրոնանալու է Մելիք-Ադամյանում կամ այսպես ասած՝ ՀՀԿ պոլիտբյուրոյի շրջանակում: Անկասկած է, որ առնվազն տեւական ժամանակահատված Սերժ Սարգսյանն ի զորու է այդպիսով պահել իրական ազդեցությունն իշխող համակարգի վրա, լինելով կուսակցության նախագահ: Ավելին, հաշվի առնելով այն, որ նա ըստ էության ձեւավորում է բազմակենտրոն կառավարման համակարգ, հնարավոր է անգամ այդ ազդեցությունը պահել ընդմիշտ, խաղալով դե յուրե իշխանության բազմակենտրոնության վրա, ինչը թույլ չի տա որեւէ մեկին դե յուրե իշխանությունը վերածել դե ֆակտո իշխանության:

Ավելին, իշխանության համար պայքարն այդ իմաստով կտեղափոխվի Մելիք- Ադամյան: Վիգեն Սարգսյանը խոսում է այդ վիճակի անթույլատրելիության մասին, երբ կան պետական ինստիտուտներ, խորհրդարանական մեծամասնություն եւ այդ մեծամասնության ձեւավորած գործադիր իշխանություն, սակայն որոշումները կարող են կայացվել բոլորովին այլ տեղում: Հետաքրքիր է միայն, թե անթույլատրելի համարելով այդ իրավիճակը, ի՞նչ է առաջարկում Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջարկում է կուսակցապետի պաշտոնում չփոխարինել դե յուրե իշխանության կառույցներին եւ պետական կառավարումը չվերածել քողարկված կուսակցապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին առաջարկում է մնալ իշխանության եւ այդպիսով ապահովել դե յուրե եւ դե ֆակտո իշխանության համադրվածությունը, չառաջացնելով խզում որոշումների կայացման այսպես ասած օրգանական կապում: Մյուս կողմից, հատկանշական է, որ Վիգեն Սարգսյանը խոսում է խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորած, նախընտրական շրջանում այդ մեծամասնությանն առաջնորդած մարդկանց մասին: Իսկ այստեղ պատկերը եղել է այն, որ առաջնորդողները եղել են Կարեն Կարապետյանը, որպես ցուցակում չընդգրկված, բայց առաջին ջութակ, Վիգեն Սարգսյանը՝ որպես առաջին համար:

Միեւնույն ժամանակ, նույն հեռուստահարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսում է իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի անգամ ընտանիքներով մտերմության, վաղեմի մտերմության մասին, անթույլատրելի եւ անպարկեշտ համարելով անգամ այդ պայմաններում վարչապետ-նախարար անձնական տարաձայնությունների վրա խաղալը: Արդյո՞ք Վիգեն Սարգսյանն իր եւ վարչապետի անունից է Սերժ Սարգսյանին առաջարկում հեռանալ եւ չխանգարել իրենց պաշտոնական գործունեությանն ապրիլից հետո, կամ գուցե այդպիսի մտադրություն ունենալու դեպքում մնալ եւ իրենց հետ հավասարապես կիսել իշխանության համար դե յուրե պատասխանատվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: