Կարեն Կարապետյանի «շանտղությունը» ավելի ու ավելի սոսկալի բնույթ է կրում

Dec 26, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանի «շանտղությունը» ավելի ու ավելի սոսկալի բնույթ է կրում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երևալ և խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը:

Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Կարապետյանը:

Եվ ահա ժամանակը ցույց տվեց, որ այս հայտարարությունները ևս շոուի ժանրից էին: Ավելի քան մեկ տարի անց «շանտղությունը» ոչ միայն շարունակվում է, այլև ավելի ու ավելի սոսկալի բնույթ կրում: Օրեր առաջ բացահայտվեց, որ հայկական շուկայում տավարի մսի անվան տակ վաճառվում էր ձիու և ավանակի միս: Հիմա էլ «շանտղություն» է թռչնամսի շուկայում. այստեղ էլ բացահայտվել է հակաբիոտիկների, սալմոնելա խմբի մանրէների անթույլատրելի քանակ:

Թե ի՞նչ վիճակ է դեռևս չհետազոտված ապրանքատեսակների առումով, մնում է միայն ենթադրել. դեռևս լուրջ փորձաքննություն չի իրականացվել մսամթերքի, ձկնամթերքի, երշիկեղենի շուկայում: Մինչ այդ, փաստենք, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: