Էվոլուցիա՞, թե՞ հասունացող  Ռ-Էվոլուցիա

Dec 27, 2017 Comments Off on Էվոլուցիա՞, թե՞ հասունացող  Ռ-Էվոլուցիա

Մի քանի օրից՝  դեկտեմբերի 28-ին  Ժուռնալիստների միությունը կհրավիրի համագումար, որպեսզի ընտրի նոր նախագահ։ Աստղիկ Գեւորգյանը, որն այս միությունը ղեկավարում է վաղնջական ժամանակներից, տարիքի պատճառով պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին։ Մեկ տարուց ավելի  լուրեր կան, որ նրան պետք է փոխարինի «168 ժամ» թերթի խմբագիր, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանը։ <<Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում այսօր դաշտում առկա բոլոր խնդիրները և դրանք համախմբված լուծելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այսպիսով, մտադիր եմ առաջիկա համագումարում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը և առաջարկները միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ>>,- իր առաջադրման լուրը Ֆեյսբուքի իր էջով այսօր հաստատեց նաեւ Սաթիկ Սեյրանյանը։ Ու եթե մամուլում ժամանակ առ ժամանակ չշրջանառվեին  Սաթիկ Սեյրանյանի հավակնությունների մասին տեղեկությունները,  շատերը թերեւս մոռացած կլինեին այս միության, նրա գործունեության մասին:
Այս կառույցը վաղուց գոյություն չունեցող միություն է, որն  անկախացումից առաջ էլ այլեւս ոչինչ չէր նշանակում՝ ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների, որոնք մասնագիտական ինչ-ինչ շարժեր էին անում: Այսօր Հայաստանում չկա խելքը գլխին մի լրագրող, ով անդամակցի այդ միությանը, որովհետեւ գաղափարական տեռորի ժամանակներն արդեն ետեւում են, եւ ազատ խոսքի մեր օրերում բավականին զավեշտական կլինի զբաղվել լրագրողների ինկուբացիայով, մանավանդ՝ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լաբորատորիայի վարիչ Աստղիկ Գեւորգյանի խնամակալությամբ: Բոլոր ժամանակներում բոլոր իշխանությունների կողքից քայլող այս տիկինը, որն իր կարիերան սկսել է անցյալ դարի ուղիղ կեսերից, այս տարի էլ հերթական անգամ մագլցեց  իշխանության բարձունքները, տեղ գտավ Երեւանի ավագանիում՝ միությունը վերջնականապես եւ ընդմիշտ կարծես կցելով իշխանություններին: Այդ կառույցը մեռած, բայց արտոնյալ լծակներից օգտվող կառույց է։ Եթե որևէ լրագրող, լրատվամիջոց կառույցի աջակցությունը զգացել է, ապա դա եղել է նրանց նախկին կյանքում: Այն, որ լրագրողները մեր երկրում ամենաանպաշտպան շերտերից մեկ են ու իշխանությունը ցանկացած առիթով հաստատվում է չորրորդ իշխանության ներկայացուցիչների վրա, բոլորը գիտեն , եթե կառույցը կարողանա  մեծ ու համերաշխ  համքարություն ստեղծել, ընդվզել իր եւ այլոց իրավունքների համար, ապա իշխանությունների կոկորդին կանգնած այս խավի նկատմամբ վերաբերմունքը հաստատ այլ կլինի:

Ի դեպ, Աստղիկ Գևորգյանը 1992 թվականից Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն է, 2008 թվականից  Հանրային խորհրդի անդամ: 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի, 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ։ 1956-1970 թվականներին աշխատել է Սովետական Հայաստան  թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», Ավանգարդ, «Իրավունք» և այլ թերթերում:

Ստացվում է, որ մոտ 25 տարի է տիկինը զավթել է կառույցի շենք-շինությունը, դրամաշնորհներ ստանալով  գտել  ապրելու ձեւը: Հիմա այդ պաշտոնին է ձգտում Սաթիկ Սեյրանյանը: Արդյեք
Սաթիկը   գնում է դառնալու <<Աստղիկ Գեւորգյան>>, թե նոր շունչ ու ռ-էվոլուցիա է անելու կառույցում, դարձնելու կենսունակ, առողջ ու գործող մի մարմին, ապագան ցույց կտա:

Արամ Դանիելյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: