Կա՛մ զբաղված են տոտալ կոռուպցիայով, կա՛մ էլ մատնված են անգործության

Dec 28, 2017 Comments Off on Կա՛մ զբաղված են տոտալ կոռուպցիայով, կա՛մ էլ մատնված են անգործության

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը տարվա աշխատանքներն ամփոփող ասուլիսով  է հանդե եկել, որտեղ հանգամանալից խոսել է իր ղեկավարած կառույցի կատարած մեծ-մեծ գործերի, դրական տեղաշարժերի և գալիք քայլերի մասին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը: Ծառայությունը նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ 2017 թվականից սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ են երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար և միջազգային պրակտիկայում դիտարկվում են որպես այս համակարգի հիմնասյուներ: Որպես այդպիսիք, ծառայության պետը մասնավորապես առանձնացրել է ռիսկերի գնահատման նոր մոդելի, ինչպես նաև տնտեսվարողների դասակարգման /ռեյթինգավորման համակարգի ներդրումը, մոնիթորինգային ծրագրերի իրականացումը մի քանի կարևոր ոլորտներում, ամբողջությամբ անցումը սպանդանոցային մորթի, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և նույնականացման համակարգի գործարկումը, որակի կառավարման՝  HACCP, սկզբունքների կիրառումը սննդամթերքի ոլորտում, ինչպես նաև ծառայությունների ու բազաների թվայնացումը:

Հիշեցնելով վերջերս հանրային լայն արձագանք ստացած ներկրվող և տեղական հավի մսի մեջ հայտնաբերված վնասակար նյութերի առկայության սկանդալը՝ արձանագրենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստախոսությամբ է զբաղված:

Սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող կանխարգելիչ միջոցառումները չեն կարող բավարար համարվել, քանի դեռ խանութներում հայ սպառողին որակի անհրաժեշտ պահանջներով մակնշված ապրանքի տակ իրականում հրամցվում է առողջ սննդամթերքի ստանդարտներին չհամապատասխանող մթերք, տվյալ դեպքում հավի միս: Ինչպես հայտնի է, վերջերս «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Փորձաքննության ներկայացված տեղական

7 նմուշից  էլ միայն 3-ն էին եղել անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։ Լաբորատոր փորձաքննության արդյունքները պաշտոնապես չեն հերքվել:

Այսքանից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փոխանակ ներողություն խնդրեր սպառողից  և շնորհակալություն հայտներ «Հետք»-ին՝ կատարած կարևոր աշխատանքի համար, կարծիք է հայտնել, թե «Հետք»-ի կատարածը վերահսկողություն չէ. ««Հետք»-ն ուղղակի գնում է, չի կատարում նմուշառում, դա վերահսկողություն չէ»:

ՍԱՊԾ պետը հրաժարվել է պատասխանել հարցին՝  ի վերջո Հայաստանում վաճառվող հավի մսի մեջ կա՞ն վնասակար նյութեր, կարելի՞ է ուտել վաճառվող հավի միսը, թե՞ ոչ: «Եթե որևիցե բան վաճառվում է, և հակառակ բանը չի ապացուցվել, հետևապես ինքը անվտանգ է»,- հայտարարել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ հիմա «զուգահեռաբար միջոցառումներ են իրականացվում»: Արդյունքները պատրաստ լինելուն պես ՍԱՊԾ-ն կհրապարակի:

Հետարքրքիր է՝ երբ ՍԱՊԾ-ն կուրծք ծեծելով խոսում է մսի շուկայի բարելավման մասին, ինչո՞ւ, օրինակ, սեփական նախաձեռնությամբ գոնե մի անգամ ողջ տարվա ընթացքում հավի մսի փորձաքննություն չի իրականացրել: Կամ էլ եթե իրականացրել է, ինչո՞ւ տվյալները չեն հրապարակվել: Այս կառույցը փաստացի զբաղված է իրողությունը լղոզելու, հընթացս ենթադրաբար նաև սեփական գրպանները անօրինական ճանապարհով լցնելու արատավոր գործունեությանբ: Եթե խանութում հանգիստ վաճառվում է ապրանք, որն ունի օրինական բոլոր փաստաթղթերը, սակայն դրա մեջ կան վնասակար նյութեր, ապա դրա պատասխանատուն ՍԱՊԾ-ն է: Այս կառույցը փաստացի կա՛մ զբաղված է տոտալ կոռուպցիայով, կա՛մ էլ անգործության է մատնված:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: