Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել

Dec 27, 2017 Comments Off on Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել

Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշ հայտարարություններ հերթական քննարկումների լայն հարթակն է բացել։ Մասնավորապես խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ նախարարի հարաբերության մասին անդրադարձն է։ Նրա խոսքով, եթե պաշտպանության նախարարը զինված ուժերում, պաշտպանական ոլորտում տանտերը եւ իրավիճակի տնօրինողը չէ, ապա դա վատ հետեւանք կունենա տվյալ պետության համար: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չունենալով եւ չհենվելով գիտակ ու բանիմաց Գլխավոր շտաբի պետի վրա, պաշտպանության նախարարը չի կարող ունենալ արդյունավետ կառավարում: «Այդպիսի հակադրությունը տեսականորեն կարող է ունենալ մի քանի աղբյուր. դրանցից ամենաառաջինը և ամենավտանգավորն այն է, եթե պաշտպանության նախարարը, ինչպես նաև շտաբի պետը, զինվորական են: Այդ դեպքում պաշտպանության նախարար և շտաբի պետ ունենալու փոխարեն մենք ունենում ենք երկու շտաբի պետ, և բնական մրցակցություն է սկսվում, թե ում հրամանատրումը զորքի նկատմամբ ավելի ուղղակի ներազդեցություն ունի խնդիրների լուծման վրա»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ վտանգավոր է, երբ երկու պոստում էլ զինվորական են:

Կոնկրետ իր եւ Մովսես Հակոբյանի հարաբերությունների մասին նա շեշտել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։ Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են: Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ»։

Նրա հայտարարության տողատակում որոշ շրջանակներ ակնարկ են տեսել՝ գնահատական Սեյրան Օհանյանի ու նրա ղեկավարած բանակի վերաբերյալ, որը հիմնականում ասոցացվում է ապրիլյան պատերազմի օրերին մերկացած պատկերի հետ։ Արդյոք սա է եղել մեր բանակում տիրող բարձիթողի վիճակի պատճառը, պատասխանը բացասական է գնահատում ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ Նա հիշեցնում է, որ տարբեր քաղաքակրթությունների երկրներում տարբեր ավանդույթներ են գործել այս հարցում։ Սովետական միությունում ընդունված է եղել ռազմական նախարար ունենալու իրողությունը։ Վարդանովը հիշեցնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարների մեծ մասը զինվորականներ չեն եղել, բայց դրանից բանակի խնդիրները չեն լուծվել, ավելին վիճակը բարելավվել է, երբ նախարարները դարձել են զինվորականներ․«Բանակը եղել է շատ ավելի բարդ իրավիճակներում, երբ քաղաքացիական անձ էր ղեկավարում, հիշենք 90-ականներից հետո որոշակի խստացավ, խստացնում էր Վազգեն Մանուկյանը, որի մոտ լավ չէր ստացվում, Սերժ Սարգսյանը, որի մոտ ավելի վատ էր ստացվում, Վազգեն Սարգսյանը։ Քիչ թե շատ կարգուգանոն ձեւավորվեց զինվորական անձանց ղեկավարության ժամանակ»։

«Հայաստանում մինչեւ 90—ական թվականների վերջը նախարարները երբեք էլ զինվորականներ չեն եղել՝ Վանո Սիրադեղյան, 1990 թվականին Վազգեն Սարգսյանը դարձավ, կրկին զինվորական չէր, 1992-ի վերջ՝ Վազգեն Մանուկյան, հետո Սերժ Սարգսյանը, հետո նորից Վազգեն Սարգսյան։ Առաջին զինվորականը, որը մեզ մոտ Պաշտպանության նախարար դարձավ, Վաղարշակ Հարությունյանն է, հետո Սեյրան Օհանյանը։ Ավանդույթի հարց է։Իհարկե, բացի Վանո Սիրատեղյանից, ոչ զինվորական նախարարները պաշտպանական գործողությունների էին գոնե մասնակցել, կամ եթե ռազմական գործողությունների չեն մասնակցել, ապա կազմակերպչական գործողությունների են մասնակցել»,-նկատեց նա ու հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը փորձեց վերադարձնել «սովետառուսական» ազդեցությունը․«Հետեւաբար տրադիցիաները վերականգնվեցին, դրանցից մեկը զինվորական պաշտպանության նախարար ունենալն է, հիշում եք Մարտի 8-ը վերականգնվեց եւ այլն»։

Մեր զրուցակիցն այս հարցում բալանսավորված մոտեցում ունի, կարծում է, որ մեծ հաշվով ճիշտ է վերականգնել զինվորական նախարար ունենալու ավանդույթը․«Որովհետեւ նման պարագայում նշանակում է, ընդունել որոշումներ, որոնք թեպետ չի բացառվում, որ պրոֆեսիոնալ է, սակայն ընդունելի չէ զինվորական հանրույթի կողմից, որոշակի նրբություններ կան։Իհարկե, անձամբ ես կարծում եմ, որ քաղաքացիական անձի ղեկավարումն ավելի ճիշտ է, պարզապես անհրաժեշտ է, որ տվյալ անձը փոքր-ինչ փորձ ունենա։ Ոչ թե կաբինետային զինվոր, այլ նկատի ունեմ շարքայինից, սերժանտից ավելի բարձր ծառայություն անցած լինի՝կապիտան եւ այլն, գոնե ղեկավարած լիներ մի հարյուր հոգու»։ Խոսելով Վիգեն Սարգսյանի ռեֆորմների մասին՝ փոևձագետը ընդգծեց, որ դրանք լավն են, իհարկե, կան թերություններ, բայց հասարակության համար օգտակար փոփոխություններ են․«Դուք պատկերացնո՞ւմ եք նախարարությունը երկու-երեք ծառայության տարբերակ է առաջադրոմ իր ժողովրդին, մենք ազատատենչ ժողովուրդ զրկված էինք ընտրելու հնարավորությունից ու ընտրելու հնարավորություն ենք ստանում եւ ըմբոստանում։Իհարկե, թերի են ռեֆորմները, բայց գոնե ռեֆորմներ են, փոփոխություն դեպի առաջընթաց տանող, ի դեպ, ամենաառաջինը ընդդիմանում է բանակը՝ գեներալներից շարքային զինվորներ, բայց այդ ռեֆորմները հասարակության շահերից են բխում»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: