Ով կհարվածի առաջինը հաջորդ տարի

Dec 27, 2017 Comments Off on Ով կհարվածի առաջինը հաջորդ տարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով պաշտպանության նախարարությունում ասել է, որ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը «ագրեսիվ» է և Մոսկվան իր գործողություններում դա պետք է հաշվի առնի: Պուտինը պնդել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ներգրաված են Եվրոպայում ռազմական կառույցների աճին, որը նրա խոսքերով «հարձակողական, ագրեսիվ» բնույթ է կրում:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը միմյանց մեղադրում են ռազմավարական սպառազինությունների վերահսկման անկյունաքարային պայմանագիրը խախտելու մեջ: Այդ պայմանագիրը, որը օգնել է վերջ տալու «սառը պատերազմին», ներկայիս իրավիճակում գտնվում է գոյության սպառնալիքի տակ: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը կարող է զսպել ցանկացած սպառնալիք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը, ուր ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներն են համարվում Չինաստանը և Ռուսաստանը:

Ինչպիսին կլինի 2018 թվականը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար… Կշարունակվե՞ն փոխադարձ խայթոցները, թե՞ իրավիճակն էլ ավելի կբարդանա…

Թրամփի գրեթե մեկամյա իշխանավարումը՝ չնայած Ռուսաստանի և Պուտինի հասցեին ուղղված չափավոր և զուսպ հայտարարություններին, այնուամենայնիվ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում ջերմացման չհանգեցրեց:

Ավելին՝ ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը շատ դեպքերում հակադրվեց Թրամփին բազմաթիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերում, իսկ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում սառույցը ոչ մի կերպ չի հալչում:

Չնայած այս ամենին՝ Պուտինը դիրքերից չի նահանջում. նա մնում է կոշտ դիրքորոշման կողմնակից՝ արևմուտքի հետ փոխհարաբերությունների հարցում և բացահայտ ուժի ցուցադրություն է դրսևորում:

Մերձավոր արևելքի, տարբեր տարածաշրջաններում ցույց տալով խիստ շահագրգիռ կեցվածք, որպես «հիմնական խաղացող», նա ակնհայտորեն աշխարհին ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ պարտադիր պետք է հաշվի նստել, անկախ այս կամ այն նախաձեռնության ճշմարտացիության ապացույցի:

Օրինակ, բուռն քննարկման հարց է Ռուսաստանի «հաղթանակներն» ու «պարտությունները» Սիրիայում: Չնայած Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայում վերջերս միակողմանի հայտարարեց հաղթանակի մասին, Սիրիայի ներսում իրավիճակն իրականում դեռ հեռու է հաղթանակից, կարծում են շատ փորձագետներ:

Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար Մոսկվա էր ժամանել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միստուրան, ով նախատեսում է հունվարի կեսերին Ժնևում սիրիական հակամարտության բոլոր կողմերի միջև բանակցություններ կազմակերպել. «Ես ակնկալում եմ բոլորի, այդ թվում և Ռուսաստանի աջակցությունը, հաջողություն գրանցելու համար»:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նախաձեռնությանը Սիրիայում ռուսական ռազմածովային բազայի տեղակայման պայմանագիրը 49 տարով երկարաձգելու մասին:

Եթե Սիրիայում Ռուսաստանն իր գործողությունները կարող է հաղթանակ անվանել, ապա սպորտի ոլորտում, վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան Օլիմպիական խաղերի նախաշեմին արդեն իսկ պարտություն է կրել: Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել է, որ դոպինգի օգտագործման պատճառով Օլիմպիական խաղերին չթույլատրված ռուս մարզիկների համար ռուսական կողմը հատուկ խաղեր է կազմակերպելու. «Հավանաբար, նման բարդ տարի չի եղել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ ռուսական սպորտի համար»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: