Գողականները հետապնդում են Հայաստանին

Dec 27, 2017 Comments Off on Գողականները հետապնդում են Հայաստանին

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։

Գրասենյակի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում, և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոցն ու Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։ ԱՄՆ տարածքում այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը հայտնաբերվելու դեպքում սառեցվելու են։

«Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանը մեկն է ռուսաստանաբնակ երեք տասնյակ հայազգի այն գործարարներից, որոնք տարեսկզբին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու և նոր բիզնես մշակույթ ձևավորելու գործում»:

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը ողջ օրվա ընթացքում հրաժարվել է մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին,  իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել է, թե պատրաստ չէ մեկնաբանել Ռուբեն Թաթուլյանի մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալները և խնդրել գրավոր հարցում ուղարկել:

Ինչպես հայտնի է, Ռուբեն Թաթուլյանը նաև ՀՀ  դիվանագիտական անձնագիր ունի: Այս տեղեկատվությունը առաջին անգամ հայտնվեց ռուսական մամուլում, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց փաստը՝ պարզաբանելով, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրվել է «օրենքով սահմանված կարգով»: Ռուսաստանյան լրատվամիջոցները Ռուբեն Թաթուլյանի անունը կապել էին քրեական աշխարհի հետ՝ գրելով, որ նա ձերբակալվել է Չեխիայում՝ «օրենքով գողերի» հավաքի ժամանակ։

Ամեն դեպքում ստացվում է, որ ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող անձը, ով օգտվում է Հայաստանի կառավարության աջակցությունից, իրավունք ունի ներկայացնել ՀՀ դիվանագիտական դիրքորոշումները, ով նաև օգտվում է պետության շնորհած դիվանագիտական անձեռնմխելիությունից, ով նաև դրական կամ ընկերական հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի հետ, ԱՄՆ-ում համարվում է օրենքի տեսանկյունից անընդունելի և օրենքի հետ խնդիր ունեցող անձ է:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանմամբ՝ «Ռուբեն Թաթուլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական էլիտաների հետ… Մոսկովյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ Ռոբսոնի հետ բավական մտերիմ է ՌԴ նախաագահ Վլադիմիր Պուտինը»:

Զուգահեռաբար հայկական մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ վերջին օրերին Հայաստան են ժամանելու մոտ 600 քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանևսկոյի մահվան հեր­թական` 7-րդ տարելիցին: «Կանևսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ՝ սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:

Ներկա­ների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղա­կան հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանևսկոյի «կռուգը», ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում:

Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղի­նակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը:

Մենք տե­ղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանևսկոյի ամենամտերիմները, մնացել են Հա­յաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկաց­նում են հիմնականում Կանևսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանո­ցում»,- մասնավորապես գրել էր «Հրապարակ»-ը:

Մի քանի տարի առաջ, Հայաստանի իշխանության հովանավորությամբ, «օրենքով գողերի» հավաք տեղի ունեցավ Ծաղկաձորում:

Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ՀՀ իրավապահները լուռ հետևում են գործընթացին՝ թերևս ապահովելով դրա անարգել ընթացքը:

Իշխանության և քրեական աշխարհի հեղինակությունների կապի ամենափայլուն օրինակը «Ռոբսոնին» տրված դիվանագիտական անձնագիրն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Պտահական չէ, որ ԱԳՆ-ն չի կարողանում մեկնաբանել ԱՄՆ սև ցուցակում հայտնված անձի՝ ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալու փաստը:

Նոր սահմանադրության և նոր Հայաստանի մասին բարձրագոչ ճառերում իշխանությունը գողականների մասին չի խոսում,  բայց կյանքն ու պրոցեսները  ցույց են տալիս, որ քրեական աշխարհը Հայաստանի իշխանության համար եղել է և կմնա կայուն հենարան:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: