Առաջարկ են ստանում արտասահմանից՝ մինչև 5-6 հազար դոլար աշխատավարձով, և մեկնում են Հայաստանից. Սամվել Հարությունյան

Dec 26, 2017 Comments Off on Առաջարկ են ստանում արտասահմանից՝ մինչև 5-6 հազար դոլար աշխատավարձով, և մեկնում են Հայաստանից. Սամվել Հարությունյան

 

Խորհրդային միության փլուզման ժամանակ Հայաստանում աշխատում էին շուրջ 33 հազար գիտնականներ: 2008 թվականի դրությամբ, երբ կառավարության կողմից նոր-նոր ստեղծվեց Գիտության պետական կոմիտեն, և խնդիր դրվեց թարմացնել վիճակագրական տվյալները, պարզվեց, որ Հայաստանում մնացել է ընդամենը 7 հազար աշխատող գիտնական: Այսինքն՝ գիտնականների թիվը նվազել էր ավելի քան 4,5 անգամ: Գիտնականների մի ստվար զանգված հեռացավ Հայաստանից, մի մասն էլ, հաշվի առնելով հատկապես անկախության առաջին տարիների առկա դժվարությունները, դադարեց զբաղվել գիտությամբ: Այս տվյալները «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեն, որը, ինչպես նշում է Սամվել Հարությունյանը, ունի 39 աշխատակից, զբաղվում է գիտության ոլորտի քաղաքականության մշակմամբ. «Մենք ունենք բավականին լուրջ լիազորություններ և մեծ բյուջե՝ Հայաստանի պայմանների համար: Եթե համեմատելու լինենք այլ պետական գերատեսչությունների հետ, ապա Գիտության պետական կոմիետի բյուջեն 18 նախարարությունների և մի քանի կոմիտեների ու կառավարությանն առընթեր մարմինների շարքում գրավում է 10-րդ տեղը: Գիտության ոլորտի ողջ ֆինանսավորումը, այդ թվում ակադեմիական և ռազմարդյունաբերության գիտատար ճյուղիերի հատկացումները կատարվում են կոմիտեի միջոցով»,- նշում է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ բոլոր գիտական փորձաքննություները ևս կատարվում են գիտության պետական կոմիտեի կողմից:

Գիտության պետական կոմիտեի կատարած անձնագրավորումը ցույց է տվել, որ երբեմնի գիտական ինստիտուտները գտնվում են վատթար վիճակում. սարքավորումները հնացած էին, լավագույն կադրերը հեռացել էին: Փորձ արվեց սկսել վերականգնման գործընթացը՝ զուգահեռաբար կարևորելով հատկապես միջազգային կապերի ստեղծումն ու ընդլայնումը: Ներկայումս Գիտության պետական կոմիտեն 40-ից ավելի միջազգային համագործակցության պայմանագիր ունի տարբեր երկրների հետ, որի արդյունքում այս պահին Հայաստանում 100-ից ավելի միջազգային գիտական ծրագրեր են իրականացվում. «Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին մենք որևէ միջազգային գիտական ծրագիր չունեինք»,- նշում է գիտպետկոմի նախագահը:

Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրներից մեկը ուղեղների արտահոսքի կանխումն էր կամ էլ գոնե տեմպերի նվազեցումը: Հենց այդ նպատակով էլ պետության կողմից երիտասարդ գիտնականների խրախուսման մի քանի ծրագրեր ձեռնարկվեցին. «Մենք ամեն տարի երիտասարդ գիտնականների և ասպիրանտների աջակցության մրցույթ ենք հայտարարում: Տարեկան միջին հաշվով 500 երիտասարդ գիտնական և հետազոտող պետության հաշվին արտասահմանյան գործուղման է մեկնում՝ սկսած հարևան Վրաստանից, մինչև Նոր Զելանդիա: Հատուկ երիտասարդ գիտնականների համար մենք երկամյա դրամաշնորհների մրցույթ ենք հայտարարում, որին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան 5-հոգանոց խմբեր: Մենք յուրաքանչյուր հաղթող խմբին 2 տարվա ընթացքում մոտ 30 հազար դոլար գումար ենք վճարում, որպեսզի նրանք իրենց գիտական աշխատանքը կատարեն: Բացի այդ՝ մենք փորձում ենք էականորեն օգտվել նաև Սփյուռքում գտնվող մեր գիտական ներուժի հնարավորություններից: Հայ ժողովրդի 70 տոկոսն ապրում է Հայաստանից դուրս, և այս իրավիճակում Սփյուռքի ներուժից չօգտվելը ուղղակի անմտություն կլիներ: Մենք հիմա մոտեցում ենք որդեգրել. բոլոր միջազգային ծրագրերում ներգրավում ենք սփյուռքահայ գիտնականների՝ որպես գիտական խորհրդատուների: Սփյուռքահայ խորհրդատուին մենք տարին մեկ անգամ վճարում ենք գործուղման և 2 ամսվա կեցության ու օրապահիկի գումար, որպեսզի նա գա Հայաստան և աշխատի թիմի հետ: Ոլորտի գրավչության բարձրացման նպատակով նախագահի աջակցությամբ իրականացնում ենք «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին» ծրագիրը: Արդեն ավելի քան 2000 ընտանիքներ շուկայականից մատչելի գնով ձեռք են բերել նորակառույց բնակարաններ: Այս բոլոր նախաձեռենությունների արդյունքում մեզ որոշ չափով հաջողվել է երիտասարդներին տեղում պահել, և արդյունքում այսօր Հայաստանում իրականացվող գիտական ծրագրերի 30 տոկոսը ղեկավարում են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Սա, իհարկե, դրական առաջընթաց է, բայց ամեն դեպքում ուղեղների արտահոսքը շարունակվում է: Ընդ որում, բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ տաղանդավոր երիտասարդները, ովքեր հաջողություն և առաջընթաց են գրանցում, մինչև 35 տարեկանը գիտական հոդվածներ են հրատարակում վարկանշային լուրջ ամսագրերում և դառնում քիչ թե շատ հայտնի, առաջարկ են ստանում արտասահմանից՝ մինչև 5-6 հազար դոլար աշխատավարձով, և մեկնում են Հայաստանից: Արդյունքում մենք այսօր միջին տարիքի գիտնականների լուրջ խնդիր ունենք: Մեզ մոտ այս պահին երկու տարիքային խմբերի պիկ կա՝ առաջինը մինչև 35 տարեկանների պիկն է, դրանից հետո գալիս է 35-55 տարեկանների խորը անկումը, հետո կրկին հաջորդում է պիկը՝  60 և բարձր տարիքի գիտնականների: Բարձր տարիքային խմբում ընդգրկված են սովետական տարիներին կոչումներ ստացած գիտնականները, որոնց թիվը գնալով նվազում է: Այստեղ մենք իսկապես մտահոգիչ վիճակագրություն ունենք. մեր գիտնականների 35 տոկոսը 65 տարեկանից բարձր են:

Քանի որ միջին տարիքի գիտնականների բաց ունենք, ուստի հիմա որոշել ենք նրանց ետ բերելու համար հատուկ ծրագիր իրականացնել»,- նշել է Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով՝ մտադիր են մոտ 1000 դոլար աշխատավարձ առաջարկել արտասահմանից վերադարձող և այստեղ գիտական նախագծերում ընդգրկվելու պատրաստակամություն հայտնող գիտնականներին:

Բացի նշված ընթացիկ ծրագրերից՝ այժմ Հայաստանում իրագործվում է գիտական 3 մեգածրագիր. առաջինը «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտական ինստիտուտն է, որի նպատակն է երրորդ սերնդի սինքրոտրոնային արագացուցիչի ստեծումը: «ՔԵՆԴԼ»-ը եվրոպական երկրների աջակցությամբ իրագործվող միջազգային ծրագիր է, որը, ըստ Սամվել Հարությունյանի, կշահագործվի 2020 թվականին: Ծրագրի  ընդհանուր արժեքը 20 մլն եվրո է, որից 19 մլն եվրոն տրամադրվել է եվրոպական գործընկերների կողմից: Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է՝ 2017 թվականին շահագործման է հանձնվել «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը:

Երկրորդ մեգանախագիծը ճառագայթային բժշկության կենտրոնի ստեղծումն է, որն իրականացվելու է Ֆիզիկայի ինստիտուտում: Այս ծրագրի արժեքը մոտ 30 մլն եվրո է, որտեղ գիտական հենքի վրա նաև հիվանդանոց է գործելու և ունենալու է տարածաշրջանային նշանակություն:

Երրորդը ռազմական գիտական արտադրության զարգացումն է, որի մասին շատ չի խոսվում, սակայն արդյունքերն առաջին մեկ-երկու տարում տեսանելի կլինեն. «Վերջին երկու տարում մենք վերականգնել ենք սովետական տարիներին ունեցած ռազմական արդյունաբերությունն ամբողջությամբ: Մենք արդեն окр համակարգեր ենք ստեղծել, անօդաչու սարքեր և այլ ռազմական համակարգեր: Բանակը մեզ կոնկրետ պատվերներ է տալիս, և մենք դրանք իրականացնում ենք շատ բարձր մակարդակով: Եթե տնտեսությունը ևս  գիտությանը պատվերներ տա, ապա մենք շատ լուրջ արդյունք կունենանք»,- համոզված է Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության զարգացումը ուղղակիորեն կապված է գիտության ոլորտի զարգացման հետ, ուստի  ամենևին կարիք չկար առանձին-առանձին ներկայացնել բարձրագույն կրթության և գիտության ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքների նախագծերը, քանի որ, ըստ գիտպետկոմի նախագահի, ոլորտը պետք է կանոնակարգվի մեկ միասնական օրենքով:

 

Կարինե  Սարիբեկյան   

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: