Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկելիս չի առաջնորդվել ինչ-որ մեկի նմանությամբ. Սուրեն Սարգսյան

Dec 23, 2017 Comments Off on Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկելիս չի առաջնորդվել ինչ-որ մեկի նմանությամբ. Սուրեն Սարգսյան

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այսօր 128 կողմ, 35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատել է բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը։ Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելուն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»։ Հայաստանի Հանրապետությունը կողմ է քվեարկել այդ բանաձեւին։ Գլխավոր ասամբլեայի անդամները կոչ են արել երկրներին Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություններ չբացել։ Ի դեպ, բանաձեւին, ի թիվս այլոց, կողմ է քվեարկել նաեւ ՌԴ-ն։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միանման քվեարկությունները ինչ հետեւանքներ կարող են ունենալ։ «Մենք ոչ թե ՌԴ-ի նման ենք քվեարկել, այլ գրեթե ամբողջ աշխարհն է քվեարկել նույն կերպ։ Այսինքն՝ մոտ 130 պետություն կողմ է քվեարկել այդ բանաձեւին, որը չի բխում ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի նման քվեարկել է ընդամենն 9 պետություն, 30 պետություն քվեարկել է ձեռնպահ եւ մոտ այդքան պետություններ էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Այսինքն՝ այստեղ Հայաստանը չի առաջնորդվել ինչ-որ մեկի նմանությամբ։ Նկատի ունենանք, որ կողմ քվեարկողների մեջ են նաեւ Եվրոպական միության համարյա բոլոր պետությունները։ Այսինքն՝ այստեղ մենք առաջնորդվել ենք մեր դիրքորոշմամբ արաբաիսրայելական հակամարտության կամ Պաղեստինի-Իսրայելի հակամարտության վերաբերյալ մեր ունեցած դիրքորոշմամբ, ոչ թե քվեարկողների առաջնահերթություններով»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա հիշեցնում է, որ նույն կերպ են քվեարկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, եւ այդ առումով մենք որեւէ մեկին չենք նմանակել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: