Դպրոցի նախկին տնօրենը ՝ամբաստանյալի աթոռին

Dec 23, 2017 Comments Off on Դպրոցի նախկին տնօրենը ՝ամբաստանյալի աթոռին

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը: Այդ արարքի համար սպառնում է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում: Իսկ ինչ պաշտոնեական լիազորությունների մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2011թ. նոյեմբերի 25-ից «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակված Հերմինե Շափաղաթյանը այնպիսի արարքներ է թույլ տվել, որ դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի հաշվեհամարների վրա ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել: Եւ աշխատակիցները տեւական ժամանակ իրենց աշխատավարձերը ուշացումներով են ստացել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դպրոցի դրամական միջոցների վրա արգելանք դնելու պատճառը եղել է այն, որ Հերմինե Շափաղաթյանը դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո սկսել է սեփական միջոցներով դպրոցը նորոգել. պատուհանները եւ դռներն է փոխել, եւ այսպես շարունակ: Իսկ օրերից մի օր էլ նա համարելով, որ ինքը դպրոցի համար շատ բան է արել եւ իրավունք ունի «օգուտ» քաղելու, «Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փաստաթղթերն օգտագործելով` ապառիկ հիմունքներով 10 հատ համակարգիչ է գնել, այնուհետեւ դրանք կես գնով վաճառել է, իսկ գումարը վերցրել է իրեն: Հերմինե Շափաղաթյանը հետագայում չի կարողացել ապառիկի գումարները վճարել, ինչի արդյուքում բանկը դիմել է դատարան եւ դպրոցի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Նշենք նաեւ, որ երբ տեղի ունեցածը բացահայտվել է, դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քրեական գործ է հարուցվել, եւ նրան մեղադրանք է առաջադրվել: Նախկին տնօրենն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նախաքննության ընթացքում էլ փոխհատուցել է դպրոցին պատճառած վնասները:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: