Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. պահարանի տակից 10 րոպե անց են դուրս բերել

Dec 23, 2017 Comments Off on Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. պահարանի տակից 10 րոպե անց են դուրս բերել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում այսօր պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը, դժգոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որեւէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. «Էսօր մեր երեխուն տարել ենք Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ, էդ դաստիարակները էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որեւէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձեւով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…»,-պատմեց երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը:

Ընտանիքի անդամներին դեպքի մասին ահազանգել է մանկապարտեզի բուժքույրն ու հայտնել, որ երեխան պահարանը գցել է վրան. «Մեր մեքենայով երեխուն տարել ենք հիվանդանոց հետազոտման, բժիշկներն ասին տարեք տուն, եթե սրտխառնոց լինի՝ կբերեք… հմի չգիտենք տանենք, թե տան պայմաններում բուժենք»,-պատմեց պապիկը. «Դաստիարակչուհին նախ պետությունից ա գումար ստանում, հետո էլ մենք էլ ենք վճարում, որ ուշադիր լինեն, ոչ թե սուրճ խմեն ու բաժակ նայեն… երեխեն ուշագնաց է եղել, 10 րոպե հետո նոր տեսել են…»:

Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, եւ որ նման դեպքերը չկրկնվեն. «Մեզ գումարային ոչինչ պետք չէ, մենք ապահովված ընտանիք ենք, բայց գոնե պարտավոր էին դաստիարակն ու տնօրենը գային ու հետաքրքրվեին երեխով… բա որ ու երեխուն մի բան լիներ, մենք մեր երեխուն բամբակի մեջ ենք պահում, երեխեն պարտեզում պետք է սովորի, ոչ թե պահարանը վրան գցի ու 10 րոպե հետո նոր տենան, որ երեխեն պահարանի տակ ա…»,-ասաց նա` նշելով, որ այս ամենին պետք է հասարակական հնչեղություն տրվի, որպեսզի մյուս բոլոր մանկապարտեզներում զգոն ու ուշադիր լինեն:

Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի դաստիարակ Անուշ Ասատրյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց, որ պահարանն իսկապես ընկել է 5-ամյա Աշոտ Լալայանի վրա. «Ջրի շշերը պահարանի մեջ են գտնվում, օրը 20 անգամ գնում են վերցնում, հերթական անգամ Աշոտը ուզեց ջուր խմի՝ ուղարկեցի, ես էլ երեխեքին էի հագցնում, Աշոտը երեւի կախվել ա պահարանից, էդ պահարանները ամուր չեն, ու ընկել ա վրան»,-ասաց նա, նշելով, որ դեպքը նկատել է ուրիշ խմբի դայակն ու անմիջապես հանել երեխային տակից. «Վարկյաններ ա տեւել, երեխեն երկար պառկած չի մնացել պահարանի տակ»: Դաստիարակի խոսքով՝ երեխան վնասվածքներ չի ստացել. «Բժիշկը նայել ասել ա երեխուն տարեք տուն, եթե սրտխառնոց կունենա՝ կբերեք, անգամ կապտուկներ չի ունեցել…թեթեւ կարմրություն կար, երեխեն ոտքերով պահած ա եղել պահարանը»:

Երբ փոխանցեցինք պապիկի դժգոհությունը, թե ինչու մինչեւ հիմա չեն զանգել ու հետաքրքրվել երեխայով, պատասխանեց. «Մաման բժշկի մոտից զանգեց ինձ ու ասեց, որ ոչ մի վնասվածք, ոչ մի սալջարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ եմ եղել ու չեմ զանգել»,-եզրափակեց դաստիարակը, մեկ անգամ եւս նշելով, որ պահարանները ամուր չեն եղել. «Ծնողն ա ասել, որ ջուրը պահարանում դնենք…»:

Կատարվածի մասին երեխայի հարազատները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: