Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն

Dec 23, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնականաբար, մեծամասնությունը ՀՀԿ-ում առաջնորդի վերաբերյալ ունի դրական կարծիք՝ երեկ խորհրդարանական տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Առաջին հայացքից Բաղդասարյանը արտահայտում է ոչ զարմանալի միտք՝ ՀՀԿ-ում մեծամասնությունը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ընդգծելով մեծամասնության հանգամանքը, իրականում այդպիսով շեշտում է դե ֆակտո այն, որ կա Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք չունեցող փոքրամասնություն:

Իսկ դա արդեն հետաքրքիր է, հատկապես այն «ընդվզման» ֆոնին, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարությունների աճող ալիքի ֆոնին նախօրեին դրսեւորել էր նաեւ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ 2018-ի վարչապետի հարցը կախված է տվյալ պահի բազմաթիվ հանգամանքներից, եւ ոչինչ վճռված չէ: Արդյոք Դավիթ Հարությունյանը այդ փոքրամասնության մեջ է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, որը կամա թե ակամա դիվանագիտորեն մատնանշում է, որ այդուհանդերձ ոչ բոլորն են գոհ Սերժ Սարգսյանից: Ովքե՞ր են ընդհանրապես, որ ՀՀԿ-ում գոհ չեն, դրական չեն տրամադրված Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Օրինակ՝ նրանց շարքո՞ւմ են երկու Կարեն Կարապետյանները՝ վարչապետ եւ պատգամավոր:

Մյուս կողմից՝ 2018-ի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգում կարծես թե ձեւավորվում է միմյանց հանդեպ հաշիվներ մաքրելու, այսպես ասած, նոր տեխնոլոգիա, խաղաքարտ կամ նշաձող, որը եւ պայմանական հնարավոր է ասել «Սերժ Սարգսյանի մասին ոչ դրական կարծիք ունեցող փոքրամասնություն»:

Չի բացառվում, որ 2018-ի, այսպես ասած, ռեբուսի կամ ինտրիգի ազդեցությունը իշխող համակարգում խորանա այնքան, որ հանգեցնի նաեւ ներկուսակցական կամ ներհամակարգային մատնագրերի կիրառման՝ երբ միմյանց կմեղադրեն հենց այդ փոքրամասնությանը պատկանելու համար:

Գործնականում ՀՀԿ-ում ներկայումս թերեւս առավել անորոշ է մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը: Եվ դա առավել վառ ընդգծվեց խորհրդարանում Քրեական դատավարության օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներում, երբ կուսակցությունը փաստացի չէր կարողանում կողմնորոշվել՝ դա սահմանադրակա՞ն օրինագիծ է, թե՞ ոչ: Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի համար այդօրինակ խնդրում կողմնորոշվելը թերեւս պետք է լիներ տեխնիկայի հարց, մինչդեռ պարզվեց, որ ՀՀԿ-ի համար այն դարձել է խնդիր, որը կա՛մ չեն կարողանում պահել կուսակցության ներսում, կամ էլ միտումնավոր հանում են դուրս, ինչը եւս վկայում է, որ չկա մեծամասնություն՝ կան փոքրամասնություններ, որոնք բավականին ակտիվ դիմակայության ռեժիմում են: Դրա վկայությունն էին նաեւ ԱԺ նախագահ Բաբլոյանին ուղղված բացահայտ մեղադրանքները, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին:

Այս իմաստով, իր պլանների անորոշությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես տրոհում է ՀՀԿ-ն տարբեր փոքրամասնությունների: Կամ դա ինքնին նպատակն է, որի միջոցով Սարգսյանը փորձում է լուծել կուսակցության, այսպես ասած, զտման եւ վերադասավորման խնդիրը, քանի որ խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է լինելու 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ Սերժ Սարգսյանը, իսկապես չունենալով պատկերացումներ իր պլանների իրականանալիության վերաբերյալ, ՀՀԿ-ում իրավիճակը կառավարելու տարբերակ է ընտրում այդ տրոհումը եւ փոքրամասնությունների մեծամասնության մոդելը: Թեեւ, խոշոր հաշվով, այդ մոդելը Սարգսյանին այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու հաջորդ՝ 2022-ի փուլում, բաժանիր, որ տիրես սկզբունքով:

Բանն այն է, որ Սարգսյանը պետք է հինգ տարի անց որոշակի նոր տեսքի բերի կուսակցությունը: Իսկ նրա աշխատաոճն այդ առումով միանձնյա որոշումները չեն, երբ Սարգսյանը հրահանգավորում է այս կամ այն վերադասավորումը: Սարգսյանը ստեղծում է ներիշխանական իրավիճակներ, երբ ներքին թեւերը կամ խմբերը իրենք են, այսպես ասած, միմյանց հարցեր լուծում, երբ ստեղծվում է իրավիճակ, որում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշումը դիտվում է արդեն որպես արբիտրաժ՝ ներհամակարգային արդարադատության իրականացում, երբ դժգոհ կարող են լինել շատերը, բայց որեւէ մեկի մոտ չի առաջանում որեւէ հարց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: