Սերժ Սարգսյանը բացահայտել է, թե ովքեր են կատարելու չորսմիլիոնանոց Հայաստան ունենալու ծրագիրը

Dec 26, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը բացահայտել է, թե ովքեր են կատարելու չորսմիլիոնանոց Հայաստան ունենալու ծրագիրը

Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Նա 2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունը, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն է համարել. « Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը: Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Անշուշտ, եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ: Անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը: Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել»,- ասել է նա:

Սերժ Սարգյանը վստահություն է հայտնել, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում ԶԼՄ-ները շատ ավելի ընդարձակ դերակատարում են ունենալու, և նրանք պատրաստ պետք է լինեն այն ստանձնելու: «Կոչ եմ անում գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: 2040 թվականին չորսմիլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում իհարկե ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը:
Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը անշուշտ ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն՝ իմ ուշադրությունից վրիպած թեմաներով»,- ասել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս: Այս գործոնը առանձնակի կարևորություն ունի հատկապես 4 մլն-անոց Հայաստան կառուցելու առումով: Սերժ Սարգսյանը մեկ այլ առիթով ասել է, որ 4 մլն բնակչություն ունենալու միակ ճանապարհը ներգաղթն է, և այստեղ ԶԼՄ-ները իսկապես անփոխարինելի դերակատարում ունեն: Հայաստանը Հայաստանից հեռու ապրողներին պետք է հնարավորինս պայծառ և հրապուրիչ գույներով ներկայացնել, որպեսզի մարդկանց մոտ հայրենիքում ապրելու իրական ցանկություն առաջանա: Հայաստանից դուրս ապրողները, ինչպես հայտնի է, տոգորվում են հատկապես «Հայլուրի»՝ Հայաստանում ապրելու ցանկությամբ և, որպես կանոն, գալով հայրենիք՝ համոզվում են, որ «Հայլուրի» Հայաստանը գոյություն ունի միայն երկնագույն էկրանի վիրտուալ աշխարհում:

Այսպիսով չորսմիլիոնանոց Հայաստան ունենալու Սերժ Սարգսյանի ծրագրի հիմնական կատարողները դառնում են ԶԼՄ-ները: Սպասենք, տեսնենք, թե ինչ դուրա կգա այս պատմությունից:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: