Վարչապետի շոկային քայլը, նախարարություններում կրքեր են «գմփում»

Dec 26, 2017 Comments Off on Վարչապետի շոկային քայլը, նախարարություններում կրքեր են «գմփում»

Վարչապետ Կարեն Կարապետյանի աննախադեպ <<առատաձեռնությունը>> շոկի է ենթարկել պետական գերատեսչությունների աշխատակիցներին, որոնք այս տարի հույսները լիովին կտրել են այսպես կոչված <<13-րդ աշխատավարձերից>>: Քանի որ ողջ տարին կառավարության եւ հատկապես վարչապետի որոշումներն ու կարգադրությունները եւ դրանցից բխող գործողությունները, որոնք գեղեցիկ փաթեթավորվել են օպտիմալացում անվան տակ, շարքային աշխատակիցներին զրկել են ամանորին ընդառաջ այդքան սպասված լրացուցիչ աշխատավարձերի հույսից: Ինչպես հայտնի էր 13-րդ կոչված աշխատավարձ որպես այդպիսին օրենքով գոյություն չունի, սակայն ավանդույթի համաձայն ամեն տարի գերատեսչության ղեկավարները դեկտեմբեր ամսվա աշխատավարձերից բացի աշխատավարձի չափով պարգեւավճարներ են տվել բոլորին: Որոշ հիմնարկներում այդ գումարը գուցե մի փոքր ավելի քիչ է եղել, քան տվյալ աշխատակցի օրենքով սահմանված աշխատավարձը, բայց ամեն դեպքում աշխատավոր հանրույթը ձեռնունայն չի գնացել տոնական արձակուրդներին: Առավել շռայլ են գտնվել արտաբյուջե ունեցող գերատեսչությունները եւ նրանք, որոնք ողջ տարին արդյունավետ ծախսերի արդյունքում տնտեսել են որոշակի գումարներ: Սակայն հետեւելով կառավարության գործունեությանը, որն ուղղված է ամենախոցելի սոցիալական խմբերին նույնիսկ չնչին գումարներից զրկելուն, օրինակ դասղեկների աշխատավարձերի կրճատում 5-10 հազար դրամով, դպրոցներում պահակների ու հավաքարարների կրճատում, մինչեւ անգամ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերած ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների աշակերտների 3500 դրամ կրթաթոշակի վերացում, էլ չենք խոսում պետական ապարատի բեռնաթափման եւ բյուջետային հազարավոր աշխատողների կրճատման մասին,
պետական հիմնարկների աշխատողները կարծես թե հոգեբանորեն տրամադրվել են, որ այս տարի չեն ստանալու իրենց ավանդական 13-րդ աշխատավարձը, բայց արիուտես, որ գումար չկա այդ շերտի համար, իսկ ապահով խավի համար բյուջեն անհատակ մի ծով է, որտեղից կարելի է գետեր հոսեցնել: Կառավարության աշխատակազմի աշխատակիցները տարեվերջին պարգեւատրվել են իրենց աշխատավարձերի 180-200 տոկոսի չափով:Օրինակ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները չոր աշխատավարձից բացի մոտ մեկ միլիոն էլ պարգեւավճարներ են ստացել: Վարչապետի այս քայլը մեծ շոկ է առաջացրել մնացած հիմնարկներում, որտեղ աշխատակիցներին հասկացրել են, որ այս տարի անգամ 10-20 հազար դրամն արդեն շռայլություն է, որն իրենց չեն կարող թույլ տալ: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի յուրայինների համար կարելի է ամեն ինչ, իսկ նրանց, ովքեր չեն մտնում այդ կլանում, ոչինչ չի հասնում: Վարչապետի նախընտրական ճոխ խոստումներն ու աշխարհը միասին փոխելու լոզունգը թերեւս գործում է միայն յուրայիննեի համար: Երբ բարեկեցիկ կյանքով ապրող վարչապետը մոտ մեկ տարի առաջ Հայաստան էր եկել, թվում էր, թե նա այլոց ագահությունն ու աչքածակությունը չէր ունենալու ու աշխատելու էր ժողովրդի մատից փուշ հանելու սկզբունքով: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանը ինչպես նախկինում, շարունակում է կտրված մնալ այս իրականությունից, նա չի պատկերացնում, թե ինչպես է ապրում 120-150 հազար դրամ ստացող քաղաքացին: Միայն ինքն ու իր ընկերները, մերձավորները, յուրայինները, եթե իրենց կյանքում լավ է ամեն ինչ, ապա կարելի է աշխարհը փոխված համարել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: