Սերժ Սարգսյանը չասաց, թե ով պետք է պաշտպանի անհատին պաշտոնյաների ֆեյք-ահաբեկիչներից

Dec 26, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը չասաց, թե ով պետք է պաշտպանի անհատին պաշտոնյաների ֆեյք-ահաբեկիչներից

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ազգային անվտանգության ծառայությունում կազմակերպված Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: 

ԱԱԾ ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում նա հատուկ անդրադարձ է արել ահաբեկչական սպառնալիքների չեզոքացմանը, որը, ըստ Սերժ Սարգսյանի, առաջիկա տարիներին ահաբեկչական սպառնալիքների նվազման միտումներ չի ունենալու: «Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնահատվել է որպես համեմատաբար անվտանգ երկիր: Այդուհանդերձ, չենք կարող բացառել, որ մեր պետության աշխարհագրական դիրքով, մեր յուրօրինակ արտաքին միջավայրով կամ թերևս զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն իրենց նկրտումները Հայաստանում իրագործել հենց այդ եղանակով:

Հետևաբար, այս չարիքի դեմ պայքարում պետք է ցուցաբերենք առավելագույն զգոնություն, պետք է սերտորեն համագործակցենք մեր դաշնակիցների և այլ շահագրգիռ ծառայությունների հետ: Մեր երկիրը լինելու է բաց, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ավելին՝ տարբեր երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացումն ու ազատականացումը լինելու է շարունակական գործընթաց: Ուստի դուք պետք է մշտարթուն լինեք»,- հայտարարել է նա:

Խոսելով ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդների ու միջոցների կատարելագործման մասին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես կիբեռահաբեկչության դեմ պայքարի կատարելագործումը՝ շետելով, որ պետք է աչալուրջ վերաբերվենք կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն է ստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում:

« Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով: Ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի և լավագույն միջազգային փորձի շրջանակներում: Այստեղ հատկապես կարևոր է միջազգային համագործակցությունը, և մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու նաև այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները: Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական և հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- ասել է նա:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել վերջերս ԱԱԾ կողմից բացահայտված ՖԲ կեղծ օգտատիրոջ գործունեությունը, որի հետևում, ինչպես պաշտոնապես տեղեկացրել էր ԱԱԾ-ն, կանգնած էր եղել ԱՄՆ քաղաքացի: Խոսքը, հիշեցնենք, ՖԲ կեղծ օգտատիրոջ կողմից բացված պրոֆիլի միջոցով ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կամ պլանավորման մասին էր, որը կանխվել էր: Սերժ Սարգսյնաը փաստորեն կիբեռանվտանգության տիրույթում կարևորում է միայն, իր բնորոշմամբ, մակրոխնդիրները, քանի որ վստահ է՝ միկրոխնդիրները հասարակությունը ինքնուրույն կկարգավորի:

Հայաստանի հասարակությունը, իսկապես, բավականին հասուն է և կարող է ինքնակարգավորել բազմաթիվ խնդիրներ, եթե այս ասպարեզում հասարակությանը և տարբեր անհատների կիբեռտեռորի չենթարկեն իրավապահ համակարգի հայտնի պաշտոնյաները իրենց համացանցային մանկլավիկների միջոցով: Հասարակությունը բացարձակապես անպաշտպան է այս կարգի պաշտոնյաների կողմից բուծված Ֆեյք -ահաբեկիչների հարձակումներից ու տեղեկատվական տեռորներից, չունի անձնական կյանքի, պատվի և արժանապատվության ամենատարրական նորմերի անձեռնմխելիության երաշխիք: Բավական է տվյալ ոլորտի պաշտոնյային դուր չգա այս կամ այն անձի որևէ քայլը, և նա կդառնա թիրախ: Սերժ Սարգսյանի ասած հասունությունը, որը բնորոշ է հասարակությանը, որևէ կերպ հասու չէ, օրինակ, ոստիկանության համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներին, և քանի դեռ այդ հարցում չկա պետական հետևողականություն, անհատն ու հասարակությունը ունեն ԱԱԾ-ի պաշտպանության կարիքը:

 

 Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: