Հետախուզական կարողությունների մեծացում՝ առանց Մոսկվայի վրա հույս դնելու

Dec 24, 2017 Comments Off on Հետախուզական կարողությունների մեծացում՝ առանց Մոսկվայի վրա հույս դնելու

Հայաստանի զինված ուժերը ընդլայնում են իրենց հետախուզական կարողությունները, և առաջիկայում հարևան պետությունների տարածքների օպերատիվ հետախուզումը կիրականացվի «տիեզերալուսանկարների օգտագործմամբ»:

Այս մասին նշված է կառավարության այսօրվա որոշման մեջ, որով 300 միլիոն դրամ հատկացվեց անցած ամիս՝ դարձյալ գործադիրի որոշմամբ ստեղծված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությանը, որպեսզի աշխատունակ վիճակի բերվի ու արդիականացվի «Գեոկոսմոս»-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրը: Նոյեմբերին հիմնադրելով այդ ընկերությունը՝ Հայաստանի կառավարությունը «Գեոկոսմոս»-ին էր փոխանցել նաև մոտ 119 միլիոն դրամի գույք: Կառավարության այսօրվա որոշման մեջ այլ մանրամասներ չկան:

«Ազատության» հետ զրույցում Պնախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է․ «Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ նշվել է, դա ընդհանուր առմամբ գաղտնի գործառույթ է՝ բացի նրանից, որ հայտնել ենք, թե ինչի համար է այն նախատեսված: Հետախուզական հնարավորությունների ընդլայնումն է կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով, որը հետախուզության ձևերից մեկն է»: Հարցին՝ «Գեոկոսմոս»-ի հիմնադրմամբ հնարավո՞ր է, որ հիմքեր են ստեղծվում տիեզերք հայաստանյան արբանյակի արձակման համար, որը կունենա հետախուզական նպատակ, Հովհաննիսյանը պատասխանել էր․ «Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ է հնարավոր, բայց այն, որ Զինված ուժերը, իր հետախուզական և ընդհանրապես մարտունակության ապահովման բոլոր միջոցները գնալով ավելի պիտի զարգացնի ու զարգացնում է և հստակ քայլեր է կատարում այդ ուղղությամբ, դուք տեսնում եք: Եվ օրինագիծը այդ օրինակներից մեկն է»:

Նախորդ տարվա ապրիլյան պատերազմից ընդամենը չորս ամիս անց՝ օգոստոսին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոստովանել էր, որ մինչև ապրիլյան պատերազմը հայկական զինուժը խորքային հետախուզության տեխնիկական միջոցներ չեն ունեցել: Գեներալ-լեյտենանտը, մասնավորապես, նշել էր․ «Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել խորքային հետախուզություն իրականացնել և բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները»:

Ի դեպ, Ազգային ժողովի հավանությանը արժանացացած հայ-ռուսական փոխգործակցության բազմաթիվ պայմանագրեր ենթադրում են նաև արբանյակների համատեղ օգտագործում: Ինչու՞ ապրիլյան պատերազմից հետո այդ պայմանագրերով ըստ արժանվույն աշխատանք չի տարվել:

Այսինքն, Ռուսաստանից ինչու՞ չեն տրամադրվել ազգային անվտանգության և պաշտպանական կարևորագույն տեղեկատվություն, որոնք կարող էին ծառայել ի շահ Հայաստանի և Արցախի:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանում, կամ ռազմական գործողությունների ժամանակ հայկական Զինված ուժերը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից կամ ՀԱՊԿ գործընկերներից անհրաժեշտ տեղեկատվություն չի ստացել:

Այժմ, փաստորեն, նոր իրադրություն է. ՀՀ զինված ուժերը կկարողանան տեղեկատվություն ստանալ ոչ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ պետությունների արբանյակներից, այլև այլ պետություններից: Այսինքն, հնարավոր ռազմական նոր գործողությունների դեպքում, ինչը, չի կարելի բացառել, հայկական կողմը ստիպված չի լինի մնալ բացառապես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ական գործընկերների հույսին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: