Ինչպես կպատժի Թրամփը Հայաստանին

Dec 24, 2017 Comments Off on Ինչպես կպատժի Թրամփը Հայաստանին

Ավելի քան 100 երկրներ երեկ կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Բանաձևին կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին:

Հայաստանը ևս կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները և Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը Թուրքմենաստանը: Բանաձևում կոչ է արվում անիրական ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ:

Այդպիսով, ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և ընդգծել, որ դրա փոփոխությանն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: «Գլխավոր վեհաժողովը հաստատում է, որ ցանկացած միջոցառում և գործողություն՝ ուղղված սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, չունի իրավական ուժ, անիրական է և պետք է չեղարկվի՝ համաձայն Անվտանգության խորհրդի բանաձևերի»,- ասվում է բանաձևի տեքստում: Գլխավոր վեհաժողովի անդամները կոչ են արել պետություններին չբացել դիվանագիտական ներկայացուցչություններ Երուսաղեմում:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ նշել էր, որ ԱՄՆ-ը ֆինանսավորումից կզրկի այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ին դեմ քվեարկողներին Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսական օգնությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևը: «Նրանք մեզնից վերցնում են հարյուր միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում են մեր դեմ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Սպիտակ տանը: «Թող քվեարկեն: Մենք դրանով լավ կտնտեսենք: Մեզ համար միևնույն է»,- հավելել էր Թրամփը:

ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող բանաձևի քվեարկության նախօրեին: Բանաձևի նախագծում ԱՄՆ-ը չէր հիշատակվում, պարզապես նշվում էր, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է չեղարկվեն:

Ի՞նչ է սպասվում երկրներին, որոնք երեկ դեմ քվեարկեցին բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և դրանով, փաստացի անիրական է ճանաչվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Հայաստանի համար, մասնավորապես, Միացյալ Նահանգները խոշոր դոնոր երկիր է, օրերս, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով ամերիկյան ներդրումներին՝ նշել էր, վերջին երկու տարիներին Հայաստանում ներդրումները Միացյալ նահանգների կողմից կես միլիարդ դոլարի են հասել:

Սրանք լուրջ թվեր են, և հիմա օդում է հարցը, թե արդյո՞ք Թրամփի սպառնալիքը կյանքի կկոչվի, կամ ինչպես կիրականացվի և ինչպես կազդի նաև Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության վրա՝ հիմք ընդունելով երեկ Հայաստանի կատարած քվեարկությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: