Սերժ Սարգսյանը հասկացրել է

Dec 24, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը հասկացրել է

 

 

Սերժ Սարգսյանը ամանորյա տոների ընդունելությունների շարքն սկսել է գործարարների հետ հանդիպմամբ: Նա հաջողություն է մաղթել գործարարներին՝ շետշելով, որ նրանց հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, հետևաբար նաև նոր աշխատատեղեր և բարեկեցություն: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի ու գործարարների զրույցի հիմնական շեշտադրումներն աշխատանքային են եղել՝ ավելի շատ վարչապետական ֆորմատով: Նա ընդգծված գոհունակությամբ է խոսել 2017 թվականի տնտեսական ցուցանիշների մասին.

« 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով գործարար խավի և պետության հետագա հարաբերությունների մասին՝ նա երկու անհրաժեշտ պայման է նշել. առաջինը՝ ցանկություն և աշխատասիրություն,  երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ. «2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու»: Որպես կարևոր ձեռքբերում Սերժ Սարգսյանը նշել է դեկտեմբեր ամսվա ընթացքում դրամի փոխարժեքի կայունությունն ու արժևորումը, որը նրա բնորոշմամբ «առաջին անգամն է տևական ժամանակահատվածում»: Այնուհետև Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականից ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը և երկիրը բացի բարեփոխված պետությունից պիտի նաև բարեփոխված տնտեսական համակարգ ունենա, որտեղ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը պետք է հասցվի նվազագույնի: «Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:

Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև»,- ասել է նա: Այսպիոսվ՝ Սերժ Սարգսյանը թերևս տվել է իր վարչապետական առաջին հանձանարարականը գործարարներին: Ըստ էության նա հասկացրել է, որ 2018-ին ինքն այլևս որպես վարչապետ գործարարների առջև իր պահանջներն է դնելու, և այդ համատեքստում թղթերը կարգի բերելը ամենակարևոր հարցերից մեկն է: Մինչև 2018-ի ապրիլը գործարարները դեռ միջանկյալ ժամանակ ունեն ցույց տալու համար, որ թղթերով ամեն ինչ կարգին է, իսկ դրանից հետո կարող է իրավիճակը փոխվել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում բիզնեսն ամբողջությամբ չի կարող մաքուր աշխատել, առավել դժվար է հավատալ, որ նման պահանջ կարող է դրվել Սերժ Սարգսյանի կողմից: Հայաստանում հատկապես խոշոր բիզնեսը ուղղակիորեն կապված է  իշխանության և Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: Եթե Հայաստանի դեռևս գործող նախագահը մաքուր բիզնեսի կողմանկից լիներ, նա նախագահության 10 տարիներին շատ հանգիստ կարող էր այդ հարցին լուծում տալ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյնաը խոսում է փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու և ոչ թե ընդհանրապես ստվերը, մոնոպոլիաները կամ կոռուպցիան վերացնելու մասին:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: