Պատգամավորները ազատվեցին գերությունից

Dec 22, 2017 Comments Off on Պատգամավորները ազատվեցին գերությունից

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշարջանն ավարտեց աշխատանքները: Վերջին նիստը, իսկապես, դրամատիկ ստացվեց։

Ազգային ժողովի բազում պատգամավորներ ստիպված եղան առավոտից մինչեւ երեկո «պատանդ» մնալ խորհրդարանում, քանի որ ընդդիմությունը որոշել էր նրան պատժել ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, որը թույլ է տալիս նիստից բացակա պատգամավորներին գրավոր տեղեկացնել ու մասնակցել քվեարկությանը։ Ելք-ի պատգամավորները համարում են, որ սա պարզունակ կեղծիք է եւ խմբակցությունն օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավորությունից 10 անգամ ընդմիջում վերցրեց՝ հույս ունենալով, որ ՀՀԿ-ականներից ոմանց նյարդերը տեղի կտա ու կտապալվի քվեարկությունը:

Մինչ այդ ԱԺ նախագահը քվեարկության դրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որն ընդունվեց: ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ»: Սա նշանակում է, որ ցանկացած նախագիծ քվեարկելուց առաջ խմբակցությունների ղեկավարները կարող են 20 րոպե ընդմիջում վերցնել:

Նիկոլ Փաշինյանի 4-րդ առաջարկից առաջ Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դիմեց «Ելք» խմբակցության ղեկավարին: «Հարգելի գործընկերներ, ես դիմում եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին: Մենք հարգում ենք Կանոնակարգ օրենքով նախատեսված՝ ամեն քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում վերցնելու ձեր իրավունքը, բայց ես կարծում եմ, որ այս կանոնակարգի ոգու այդ իրավունքը տրված է, որ դու վերցնես հստակեցնելու համար դիրքորոշումը, եթե խնդիր ունես: Ես հասկանում եմ, այս կերպ քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ-որ խնդիր եք լուծում, բայց հավատացեք ինձ, այդ խնդրի լուծումը չարժի մարդկային այն գործոնին կամ գործընկերային հարաբերություններին, որ կա ԱԺ-ում: Սա ավելի շատ ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառություն: Ես հորդորում եմ, գործընկներին փոքր բանի համար մեծ բաներ չզոհել և թույլ տալ աշխատել»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Սակայն, 11-րդ ընդմիջումը վերցրեց հենց ՀՅԴ-ն՝ առաջ ընկնելով Ելք-ից։ Պարբերաբար ընդմիջումները բորբոքեցին ՀՀԿ-ական օդիոզ պատգամավորների նյարդերը, ոմանք իրենց փորձեցին խմիչքի օգնությամբ, ոմանք բացահայտ խնդրեցին Փաշինյանին՝ վերջ տալ. մասնավորապես Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե «մի Նիկոլ իրենց կուռկուռի ձագ է սարքել»։

Իսկ վերջին ընմիջումից առաջ Գագիկ Մելիքյանը քաջալերում էր կուսակիցներին, ասելով․«Դիմացեք, վերջին հնարավորություն է»։ Ի վերջո, սպառվեց ընդդիմադիրների հնարավորությունը եւ նախագծերը դրվեցին քվեարկության։ Թե ինչ ստացավ այս ամենից Ելք-ը, մեծ հաշվով՝ ոչինչ շոուից բացի։ Իսկ այն եզրափակեց գեներալ Սեյրան Սարոյանը։ Նիստի ավարտից առաջ նա վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ու ԱԺ դալհիճում կոչ արեց շուն ու կատվի պես չբաժանվել իրարից: «Արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա: Հիմա ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամը վեցն ա, ընչի՞ ենք կռվում, չգիտեմ: Արեք սաղս իրար Նոր տարի մաղթենք, մեր ժողովրդին նորմալ Նոր տարի մաղթենք: Ով ինչով կարա թող ժողորդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի: Ում ձեռն ինչ կա՝ բաժնեք ժողովրդին: Բուդը մենակ չուտեք, թե չէ լավ չի ըլնի: Կարտոլով Նոր տարի չենք անելու, ընենց անենք, ով ինչ շնորհք ունի, իրա ընտրատարածքում ով ինչ կարա, իրա ժողովրդին օգնի», -կոչ արեց Սեյրան Սարոյանը:

Պատգամավորները գրեթե վազքով հեռացան խորհրդարանից կարծես թե ազատվել էին երկարատեւ գերությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: