Ինչո՞ւ են աղմկում թուրքերը՝ Սերժ Սարգսյանի պայմանի նախաշեմին

Dec 24, 2017 Comments Off on Ինչո՞ւ են աղմկում թուրքերը՝ Սերժ Սարգսյանի պայմանի նախաշեմին

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», – Բաքվում ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018թ. գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»:

Պատասխանելով 2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ – «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է:

Անկարան բացահայտ ու օրը ցերեկով ստում է: Թուրքիայի իշխանությունները նման պայման Երևանի առջև, իհարկե, չեն դրել, այլապես տարուց ավելի հայկական կողմը Թուրքիայի պաշտոնյաների հետ չէր քննարկի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման:

Թուրքիան պայմանը դրել է ցուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հենց այդ օրը՝ մեծ ջանքերով ստորագրվեց այդ փաստաթուղթը, որովհետև Անկարան ցանկանում էր հենց ստորագրման օրը ներկայացնել այդ պայմանը, ինչը չհաջողվեց:

Ապա, Թուրքիան վերցրեց արձանագրությունները, դրեց դարակում ու սկսեց պահանջել ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծում, որից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում: Սա է ճշմարտությունը:

Իսկ ինչու՞ է պաշտոնական Անկարան սկսել վերջերս անդրադառնալ Հայաստան-Թուրքիա թեմաներին: Հավանաբար, դրա պատճառն այն է, որ մոտենում է Սերժ Սարգսյանի ներկայացրեց վերջնաժամկետը, որ մինչև գարուն էլ կսպասենք և առ ոչինչ կհայտարարենք արձանագրությունները:

Իսկապես մենք հավերժ չենք սպասելու Թուրքիայի քմահաճություններին: Թող շարունակի Թուրքիան անվերջ խոսել ԼՂ խնդրից, միևնույն է դրանից ոչ Էրդողանի, ոչ Ալիևի կյանքում ոչինչ չի փոխվում:

Շարունակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Ադրբեջանի արտգործնախարարն էլ հիշեցրել է, որ հունվարի կեսերին պատրաստվում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ բանակցությունները շարունակելու նպատակով: «Վիեննայում մենք մտքեր ենք փոխանակել. համանախագահները կգնահատեն այդ քննարկումները և որոշում կկայացնեն: Ես ասել եմ, որ համաձայն եմ նույնիսկ երկու օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

Այս հայտարարությունները հնչել են այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ կայացել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Դրա ավարտին Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են, թե ցանկանում են էլ ավելի ընդլայնել եռակողմ համագործակցությունը՝ մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում:

Երեք հարևան երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները այդ ձևաչափով հանդիպում են 2011-ից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ: Ամփոփելով բանակցությունները՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է մեծացնել Ադրբեջանից և Իրանից գնվող գազի ծավալները: «Իրանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կողմերին կհաջողվի ավարտին հասցնել Տրանսանատոլիական գազատարի՝ «Թանափ»-ի շինարարությունը: Հիշեցնենք Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կմատակարարվի Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Հայաստանը շրջանցող հերթական այս նախագիծը, ըստ նախնական հաշվարկների տարեկան առնվազն 16 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու հնարավորություն կստեղծի: Գազատարի շինարարությամբ Թուրքիան հույս ունի մի կողմից բավարարել սեփական սպառողների աճող պահանջարկը, մյուս կողմից դառնալ երկնագույն վառելիքի վաճառքով զբաղվող հիմնական միջնորդ պետություններից մեկը:

Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մերձավոր Արևելքում աննախադեպ լարվածության ֆոնին, որն առաջացել է Միացյալ Նահանգների՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման պատճառով: Այդ երեք երկրները նախագահների մակարդակով արդեն իսկ դատապարտել են ամերիկյան կողմի այդ քայլը: Այսօր էլ արտգործնախարարները պայմանավորվել են կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մերժել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը: Բանաձևը Անվտանգության խորհրդում անցած օրերին տապալվեց Վաշինգտոնի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում: Այժմ հարցը մտցվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: