Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փող բերելու վերջին հույսը

Dec 24, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փող բերելու վերջին հույսը

 

 

ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սոլար» ընկերությանը, որը  արևային էլեկտրակայանների կառուցման համար վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրում է իրականացնելու: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեկտեմբերի 21-ի նիստում կառավարության հաստատմանն է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը նախատեսում է 72 միլիոն դրամի սարքավորումներ ներմուծել Չինաստանից: «Մուլտի սոլար» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ, ըստ ընկերության, չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման համար:

«ՄՈՒԼՏԻ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության և արևային համակարգերի տեղադրման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 967 մլն ՀՀ դրամի ներդրումներ և ստեղծել 49 նոր աշխատատեղ ծրագրի իրականացման առաջին տարում՝ աստիճանաբար հասցնելով 97-ի։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2,4 մլրդ ՀՀ դրամ, որից 242,5 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 727,5 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում, իսկ 1455,0 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ տարածքում։

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալությունում «Մուլտի սոլար» ՍՊԸ-ն գրանցում է ստացել 2017 թվականի սեպտեմբերի 13-ին: Հիմնադիրներն են Գագիկ Ծառուկյանն ու Զարե Բալասանյանը, որը ԱՄՆ քաղաքացի է:

Արևային էներգետիկայի ոլորտը ՀՀ կառավարության կողմից հռչակված է որպես գերակա: Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ ներդրումներ անելը, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հրապուրիչ է: Նրանք այդ մասին մի քանի անգամ հրապարակավ հայտարարել են արտասահմանյան այցերի և գործարար շրջանակների հետ հանդիպումների ժամանակ: Ըստ էության, սակայն, արտասահմանցի ներդրողներն առայժմ այնքան էլ հրապուրված չեն Հայաստանի էներգետիկ ոլորտով և առանձնապես չեն շտապում այստեղ ներդրումներ կատարել: Ուստի Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի վերջին հույսը դարձյալ մեր օլիգարխներն են: Նրանք վերջին շրջանում գործարարներին հաճախ հրավիրվում են հանդիպման և նրանց հորդորում ներդրումներ անել: Ըստ երևույթին, գործարարներն էլ իրենց պայմաններն են դրել: Հիշեցնենք, որ Ծառուկյանից առաջ էլ կառավարությունը անհատույց օգտագործման տարածք էր տրամադրել Սամվել Ալեքսանյանի դստերը:

 

 Հայկ  Դավթյան   

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: