Նոր կրճատումներ.Կարեն Կարապետյանի ու Լեւոն Մկրտչյանի հույսը աշակերտների 3700 դրամ թոշակն է

Dec 24, 2017 Comments Off on Նոր կրճատումներ.Կարեն Կարապետյանի ու Լեւոն Մկրտչյանի հույսը աշակերտների 3700 դրամ թոշակն է

Հետեւելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի քայլերին՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը կրթության եւ գիտության ոլորտն է, ավելի ճիշտ դրա ֆինանսավորումը եւ արդեն տեւական ժամանակ է Կառավարությունը թուրն առել ու ընկել է կրթության ոլորտի վրա, աջ ու ձախ գլխատում է  ու կրճատում ոլորտի հատկացումները՝ դպրոցի պահակներից սկսած վերջացրած ուսուցիչների  ու դասախոսներիի չնչին աշխատավարձերով:

Օրերս հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, թե  հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:
Ավելի վաղ էլ մի շարք մարզերի դպրոցական կոլեկտիվներից մամուլին ահազանգեցին, որ կրճատվել է դասղեկներին հատկացվող սիմվոլիկ գումարը, օրինակի համար 20 հազար դրամի փոխարեն այժեմ 5-6 հազար են վճարում, իսկ առավել բարեսիրտ տնօրենները կիսով չափ են կրճատել: Իհարկե, կրթության նախարարությունից այս առթիվ մի անհիմն բացատրություն տվեցին, թե կառավարության այն որոշումը, որով կանոնակարգվում էր լրացուցիչ աշխատանք կատարողների, այդ թվում դասղեկների աշխատավարձերը, 2016 թվականից ուժը կորցրած են ճանաչել, եւ ըստ այդմ՝ հարցը թողնվել է ՊՈԱԿ-ների հայեցողությանը, տվյալ դեպքում՝ դպրոցների տնօրինությանը, սակայն փաստն այն է, որ կրճատումները սկսվել են մոտ մեկ տարի հետ: Դժվար չէ հասկանալ, որ Կառավարությունը վերջին մեկ տարում սկզբունք է որդեգրել եւ բոլոր տնտեսումները թերեւս կատարում է կրթության եւ գիտության հաշվին: Սակայն պարզվում է ամանորյա նվերներն այսքանով չեն սահմանափակվում: Կառավարությունը հիմա էլ որոշել է   ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների գերազանց եւ օլիմպիական առաջադիմությամբ աշակերտների  թոշակը կրճատել, այսինքն նրանց զրկել 3700-3900 դրամներից, նրանց թիվը ընդ որում խիստ սահմանափակ է, ընդհանուր թվով մոտ հարյուր երեխա:

ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը եւս զայրացած ու զարմացած է կառավարության այս ամանորյա <<նվերից>>.<<Մենք  պարբերաբար քննարկում ենք գիտության եւ կրթության հայեցակարգեր, լսում ենք, որ մեր ապագան կրթված սերունդն է, այն Հայաստանն է, որը բարձր տեխնոլոգիաներով է առաջնորդվում եւ կարող է մրցակից լինել պետություններին ոչ թե օգտակար հանածոներով, որոնք գոյություն չունեն, այլ իր մարդկային պոտենցիալով: Բայց ցավալին մնում է այն իրականությունը, որ չգիտես ինչու միշտ տնտեսում են կրթության ու գիտության ոլորտի առանց այն էլ քիչ հատկացվող գումարները: Սա մտահոգիչ ահազանգ է, որ աշակերտներին զրկել են այդ գումարներից:  Ընդ որում այդ գումարները տրվում են հաշվված մարդկանց, դպրոցներում մոտ 100 աշակերտի, դա ինքնին մեծ գումար չէ, բայց բարձր դասարանի աշակերտների համար լրացուցիչ խթան է, վերաբերմունք: Միշտ կարելի է հասկանալ, թե ինչու է պետությունը քիչ վճարում, ինչու բյուջեի խնայողությունները միշտ չեն բավարարում:Բայց երբ ընդհանրապես կտրում ես երեխաների գումարը, թոշակը, ուսոցիչների, դասախոսների աշխատավարձեր են կրճատվում եւ տպավորություն է ստեղծվում, թե կրթության ոլորտը պետք է զարգանա մերկ խանդավառության վրա,որը բացարձակ անհնար է: Չֆինանսավորել որեւէ ոլորտ եւ ակնկալիք ունենալ, որ այն առաջընթաց կունենա, պարզապես ծիծաղելի է: Կառավարության այս՝ ամեն տեղից հավաքելու մոլուցքը եւ հավաքել ամենախոցելի խավից, ուղղակի ապշեցնում է>> :

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: