Բերման կենթարկվի «Բանգլադեշցի Վիրաբը»

Dec 20, 2017 Comments Off on Բերման կենթարկվի «Բանգլադեշցի Վիրաբը»

Շենգավիթ վարչական շրջանի դատարանի որոշմամբ անցած տարի «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով բերման կենթարկվի Վիրաբ Գասպարյանը «Բանգլադեշցի Վիրաբ»: Դատարանն արձանագրեց, որ Գասպարյանը, չնայած պատշաճ ծանուցմանը, դատական նիստերին չի ներկայանում:

Նախորդ նիստերից մեկում մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հրապարակած մեղադրական եզրակացության համաձայն՝  գործով մեղադրյալ «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի խնդրանքով, Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ) օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ  Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն  հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ այս գործով մահացած վկա Արա Վարդանյանը (Ճվճվ Արոն) իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ իրեն ու Մուշեղ Մուշեղյանին (գործով սպանվածը) դեպքի օրը իրենց ծանոթ Վիրաբն է իր մեքենայով տարել գեղեցկության սրահ ու հեռացել: Ըստ մեղադրական եզրակացության՝ գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանն է Վիրաբից պահանջել հեռանալ դեպքի վայրից, վերջինս էլ իր մտերիմների հետ հեռացել է:

Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան՝ հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: