Ինչ փոփոխություններ են սպասվում դատական համակարգում

Dec 20, 2017 Comments Off on Ինչ փոփոխություններ են սպասվում դատական համակարգում

Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա հաղորդմամբ՝ ներկայումս դատարանների և դատավորների ծանրաբեռնվածությունը տարբեր է: Մեկ դատարանի դեպքում գործերի բաշխվածությունը կտարածվի Երևան քաղաքում բոլոր դատավորների միջև: Այսինքն՝ հավասարակշռված բաշխում կլինի, որն էլ  կբերի դատարանների բեռնաթափման, և գործերի արագ քննության:

Նախագծում անդրադարձ կա նաև դատավորների արձակուրդներին: Գործող օրենսդրությամբ արձակուրդ գնալուց առաջ դատավորը 20 օր դիմում է դատարանի նախագահին և մինչ արձակուրդը 20 օր առաջ իրեն գործեր չի մակագրվում: Երբ դատավորը տարվա մեջ բազմաթիվ անգամ դիմում է գրում արձակուրդ գնալու համար, հետո ետ է վերցնում դիմումը, միևնույնն է` նրան 20 օր առաջ գործ չի մակագրվում: Առաջարկվող նախագծով՝ դատավորները տարեսկզբին պետք է ասեն, թե երբ են պատրաստվում արձակուրդ գնալ: Ընդ որում, նրանց արձակուրդը տրամադրվելու է 3 մասնաբաժնով, նրանք ավելի քան 3 անգամից ավելի չեն կարողանալու դիմում գրել արձակուրդի համար: Սահմանափակվել է նաև արձակուրդ գնալով պայմանավորված դատավորին գործերի մակագրման ժամկետը: Առաջարկվում է նրանց գործեր չմակագրել արձակուրդ գնալուց միայն 10 օր առաջ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն միտված փոփոխությունները. «Դատական համակարգի կատարելագործման առաջին փուլը անդրադարձ է կատարում բոլոր այն կարևոր խնդիրներին, որոնք իրենց լուծումը ստացել են նաև Սահմանադրությամբ: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ մենք բազում փոփոխություններ կատարեցինք, որոնք վերաբերում են դատական համակարգին, դատական իշխանությանը: Հիմա դրանք միս ու արյուն պետք է ստանան Դատական օրենսգրքում, որից հետո մենք պետք է քայլ առ քայլ կենսագործենք այն քայլերը, որոնք ուրվագծել ենք Դատական օրենսգրքում»:

Նա նաև նկատեց, որ էապես փոխում են դատավորների թեկնածուների ընտրության կարգը. «Մենք կարգավորում ենք՝ ինչ գիտելիքներ պետք է ունենա դատավորի թեկնածուն, ինչ պահանջներ ենք նրանց ներկայացնում: Փոփոխության ենք ենթարկում Արդարադատության ակադեմիայի գործունեության ձևը, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: