Նոր խայտառակություն ԱԺ-ում. ծեծում և հայհոյում են քվեարկելու համար

Dec 21, 2017 Comments Off on Նոր խայտառակություն ԱԺ-ում. ծեծում և հայհոյում են քվեարկելու համար

Հայկական քաղաքական միտքն այդպես էլ չի հասունանում՝ ոչ քաղաքական պայմանավորվածությունները պահելու, ոչ էլ պատգամավորի խղճի մտոք քվեարկելու իրավունքնը հարգելու մակարդակի համար:

Հայաստանյան ԶԼՄ-ները գրում են  Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական խայտառակ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ծեծկռտուք.  իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը, ով ունի բավակինին պատկառելի տարիք: Նշվում է, որ միջադեպի պատճառն եղել է «Դատական օրենսգրքի» քվեարկությունը, որի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը: Ըստ ականատեսների՝  «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայհոյանք է հնչեցրել պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հասցեին, ով, իբր, կողմ էր քվեարկել Դատական օրենսգրքի նախագծին՝ անտեսելով քվեարկությունը բոյկոտելու խմբակցության միասնական որոշումը:

Ազիզյանին պաշտպանել է պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները քաշքշել և  ծեծել են իրար: ԱԺ միջանցքում լսվել է պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորներ Դավիթ Մանուկյանը / նա Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանաիկ Մանուկյանի որդին է-խմբ./ և Հրանտ Մադաթյանը տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց: Լրատվամիջոցները նշում են, որ  ծեծկռտուքից հետո  կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս: Խոսակցություններ կան, որ կատարվածին կարող է խառնվել խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Միջադեպից հետո լրագրողներին չի հաջողվել կապ հաստատել ո՛չ Սերգեյ Բագրատյանի, ո՛չ Արթուր Մանուկյանի, ո՛չ էլ միջադեպին ականատես պատգամավորների հետ՝ նրանք դարձել են անհասանելի:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը  ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ԱԺ-ում տեղի ունեցածն իրենց համար անընդունելի է: Նա հրապարակել է  ԱԺ նախագահին ուղղված Նապոլեոն Ազիզյանի նամակը՝ քվեարկությանը չմասնակցելու մասին. ««Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, և ստեղծված իրավիճակը գնահատելով՝ առհասարակ դուրս ենք եկել դահլիճից: Սա մեր պաշտոնական մոտեցումն է»,- հայտարարել է Էնֆիաջյանը:

Ի՞նչ է ստացվում. զուտ փաստական առումով  երկրում փոխվել է սահմանադրությունը, անցում ենք կատարել  կառավարման խորհրդարանական մոդելի, որտեղ պատգամավորին տրված է ամենալուրջ քաղաքական ստատուսը: Բայց մեր խորհրդարանում նստած մարդկանց որևէ սահմանադրական ստատուս կամ կառավարման համակարգ այլևս չի փրկի: Ազգային ժողովը քաղաքական մարմին է, հետևաբար ցանկացած հարցի շուրջ քաղաքական պայմանավորվածությունը պետք է պահվի անշեղորեն, եթե այն կա: Իսկ եթե նման պայմանավորվածություն չկա, պատգամավորն իրավունք ունի ազատ քվեարկել՝ ելնելով սեփական սկզբունքերից: Որևէ մեկը քվեի համար իրավունք չունի նրան հայհոյել, ծեծել կամ սպառնալ: Տպավորություն է ստեղծվում, թե տվյալ պարագայում  տեղի է ունեցել թյուրընկալում: Եղե՞լ է նման բան, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն իրավիճակին ադեկվատ արձագանքելը ևս քաղաքական գործչին բնորոշող կարևոր հատկանիշ է: Չէ որ լեզվին կամ բռունցքներին ազատություն տալուց առաջ կարելի է պարզաբանել իրավիճակը: Թվում է, թե միմյանց հետ քաղաքակիրթ հարաբերվելն առանձնապես բարդ բան չէ: Բայց արի ու տես, որ մեծ քաղաքականությունն սկսվում է շատ պարզ ու հասարակ դետալներից:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: