Իսրայելի թունդ ու հին սերն Ադրբեջանի հանդեպ ու մեր անելիքը

Dec 21, 2017 Comments Off on Իսրայելի թունդ ու հին սերն Ադրբեջանի հանդեպ ու մեր անելիքը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունն անվանել է «վիճելի և տեսական հարց»` մեկնաբանելով ընդդիմադիր Յաիր Լապիդի առաջարկը Քնեսեթում այն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ:

«Չեմ կարծում, թե մենք պետք է անդրադառնանք հարցի, որը հստակ պատմական, վիճելի և տեսական է: Չեմ մտածում, թե այսօր դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի դիրքորոշման վրա: Պատմության տեսանկյունից վիճելի շատ հարցեր կան»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը: Լիբերմանը նաև անկեղծորեն խոստովանել է, որ Իսրայելում հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նաև Ադրբեջանի հետ սերտ համագործակցության պատճառով: Իսրայելի պաշտպանության նախարարը նկատել է, որ իրենք չեն կարող հաշվի չառնել պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այս հարցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել էր Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Յաիր Լապիդը նշել էր, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը: Ավելին, նա հայտնել էր, որ օրինագիծն արդեն պատրաստ է, այժմ Քնեսեթում նախագծին աջակցելու նպատակով ստորագրահավաք է իրականացվում: Կուսակցությունը ցանկանում է, որ նախագիծը Իսրայելի խորհրդարանում հնարավորինս շատ աջակցություն ստանա:

«Հավատում ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք: Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է: Վերջերս Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց», – ասել էր Լապիդը:

Իսրայելցի գործիչը նաև նշել էր, որ Թուրքիայի նախագահը փորձում է հակաիսրայելական տրամադրություն ստեղծել և ցանկանում է տարածաշրջանում նոր խնդիրներ հրահրել: Լապիդի կարծիքով՝ Իսրայելը պետք է ցույց տա Էրդողանին, որ չի վախենում նրա հռետորաբանությունից ու սպառնալիքներից. «Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը»: Նա անգամ նշել էր, որ Էրդողանը «չափն անցնում է»:

Այն, որ պաշտոնական մակարդակով Իսրայելից կհնչեր նմանատիպ հայտարարություն՝ անակնկալ չէր: Ընդ որում՝ Ավիգդոր Լիբերմանն այն գործիչն է, որը մեկ անգամ ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով Հայոց Ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքն ու բազմաթիվ անգամներ ապացուցել է իր հավատարմությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Նա այս հարցում մշտապես է փայլել, այնպես որ զարմանալու ոչինչ առանձնապես չկա էլ:

Իսկապես, Իսրայելը հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, Ադրբեջանի հետ հարաբերություններն Իսրայելի համար շատ ավելի կարևոր են, քան՝ Հայաստանի հետ հարաբերությունները: Պարզապես այս փուլում սրվեցին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, և Հայոց Ցեղասպանությունը մտավ իսրայելական օրակարգ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Կանցնի մի որոշ ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի միջև որոշակի սառույցը կհալչի, ու ամեն ինչ «տեղը կընկնի»:

Այնպես որ, պետք չէ ոգևորվել Իսրայելում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մեզ համար ականջահաճո հայտարարություններից: Իսրայելի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններն իսկապես կարևոր են: Եվ հայկական դիվանագիտությունն այստեղ ունի անելիք՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի:

Իսրայելը երկար տարիներ ապացուցել է, որ բարեկամական երկիր չէ Հայաստանի համար, աշխատանքն այստեղ է: Եվ ամիսներ առաջ Իսրայելի կողմից քայլեր եղան Հայաստանի ուղղությամբ՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա ժամանեց Երևան և ոչ ավել, ոչ պակաս փաստեց, որ «հայ-իսրայելական հարաբերություններում ճեղքում է արձանագրվել»: Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Իսրայել, հանդիպեց երկրի վարչապետին: Սրանք, իսկապես, կարևոր քայլեր էին, մի մեկնարկ, որից կարելի է սկսել Հայաստան-Իսրայել հարաբերություններով հակակշռել Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Թուրքիա՝ սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք ակնհայտորեն վնասում են Հայաստանի և Արցախի շահերին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: