Ախ այդ Միշան… Ճշմարտության պահ ուկրաինացիների և ոչ միայն նրանց համար

Dec 21, 2017 Comments Off on Ախ այդ Միշան… Ճշմարտության պահ ուկրաինացիների և ոչ միայն նրանց համար

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, առանց Ուկրաինայի քաղաքացիության և անձնագրի, վերադառնալով Ուկրաինա, արդեն մի քանի ամիս հակակառավարական ցույցեր է կազմակերպում: Դեկտեմբերի 8-ին Սաակաշվիլին ձերբակալվեց, սակայն երեք օր անց, երբ նրան կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր դատարանի որոշումը, Կիևի դատարանը մերժեց նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու՝ դատախազության միջնորդությունը, Սաակաշվիլին ազատ արձակվեց:

Նախօրեին էլ, թեև Միխեիլ Սաակաշվիլին ներկայացել է Ուկրաինայի գլխավոր դատախազություն, սակայն հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին: Իշխանությունները նրան մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «հանցավոր խմբավորման» աջակցությամբ հեղաշրջում պլանավորելու մեջ: Նա կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Դատախազության շենքի մոտ Սաակաշվիլին լրագրողներին ասել է, որ ցուցմունքներ կտա միայն մի դեպքում՝ եթե գործը փոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը: Ըստ նրա՝ օրենքը դա է պահանջում: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակն ասել է, որ Սաակաշվիլին խախտել է քննության ընթացակարգը, չպատասխանելով նրան հրավիրած քննիչների հարցերին:

Սաակաշվիլիի կոչով հազարավոր մարդիկ դարձյալ դուրս էին եկել Կիևի կենտրոնական փողոցներ՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Ցույցի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան: Կիևի ոստիկանությունը հաղորդեց, որ առնվազն 32 ոստիկան վիրավորվել է: Բախումները տեղի են ունեցել, երբ ցուցարարները փորձել են գրոհել Անկախության հրապարակին մոտ գտնվող «Հոկտեմբերյան պալատ» համերգասրահը:

2013-14թթ. նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն այդ համերգասրահը դարձել էին իրենց կենտրոնակայանը․ այնտեղ էին նրանք հանգստանում, գիշերում, անտեղ էր գտնվում ցուցարարների շտաբը: Սաակաշվիլին ասել է, թե ցանկանում է իր հիմնադրած «Նոր ուժերի շարժման» շտաբը ևս նույն համերգասրահում տեղակայել: Այդ շենքը պաշտպանող ոստիկանական և անվտանգության մարմինների ուժերն արցունքաբեր գազ ու կրակմարիչներ են կիրառել ցուցարարների դեմ, իսկ վերջիններս էլ՝ հրավառությունների համար նախատեսված տարբեր ճայթուկներ ու գազի բալոններ: Հաղորդվում է, որ այդ պահին հարյուրավոր երեխաներ են գտնվել համերգասրահում:

Արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել այդ գրոհի փորձի կապակցությամբ: Ուկրաինայում Կանադայի դեսպան Ռոման Վաշչուկը «Թվիթերում» գրել է, որ հանրային շենքեր գրավելու և վնասելու փորձերը խաղաղ բողոքի հանրահավաքներ անցկացելու իրավունքի խախտում է: Նրան են միացել և համանման կարծիքներ են հայտնել նաև Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանությունները: Երեկ ԵՄ-ն պահանջել է հարգել Սաակաշվիլիի իրավունքները: ԵՄ-ն Ուկրաինայի իշխանությունների կողմից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքների պահպանման հույս ունի նրա դեմ գործընթացի ընթացքում, բայց նշում է, որ հարձակումները հասարակական շենքեր վրա անընդունելի են: «Բոլոր կողմերը պետք է համագործակցեն և հետևեն Ուկրաինայի սահմանադրական և օրինական նորմերին, ներառյալ՝ խաղաղ ցույցի իրավունքի: Հարձակումները հասարակական շենքեր վրա անընդունելի են»,- ասել է նա՝ մեկնաբանելով կիրակի տեղի ունեցած դեպքերը: Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն «կշարունակի հետևել դատական գործի ընթացքին, որը վարում են Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիի դեմ». «Մենք ակնկալում ենք, որ իրավունքի գերակայության սկզբունքները, նաև պրն Սաակաշվիլիի իրավունքները կպահպանվեն»:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հանրային շենքը գրավելու փորձ կատարելու, իրավապահների դեմ սպառնալիքների և բռնությունների դիմելու, իրավապահների գործողությունները խոչընդոտելու հոդվածներով: Սաակաշվիլին, հակադարձելով համերգասրահը գրոհելու փորձի վերաբերյալ՝ իրեն վերագրվող մեղադրանքներին, ասել է, թե ցանկանում է երկու սենյակ վարձակալել այդ շենքում, իսկ բախումների համար մեղադրել է իշխանություններին, ասելով, թե դա նախագահ Պորոշենկոյի կազմակերպած սադրանքն էր: «Ազատություն» ռ/կ-ի ուկրաինական ծառայությանը Սաակաշվիլին ասել է, թե դատապարտում է պատուհաններ ջարդելու փորձերը: «Երբ մենք միլիոններ լինենք, այդ դռներն ու պատուհաններն իրենք իրենց կբացվեն, մենք կարիք չունենք դրանք ջարդելու»,- ասել է նա:

Մինչ այդ միջադեպը տեղի ունեցած հանրահավաքում Սաակաշվիլին ասել էր, որ Կիևի կենտրոնական «Կրեշատիկ» պողոտայի ձայնը լսում է ամբողջ Ուկրաինան, և այդ ձայնը «անպայման կխլացնի Պորոշենկոյի ստորությունն ու դավաճանությունը, օլիգարխիկ ալիքները»: «Մենք միևնույն է՝ ուժեղ կլինենք, կհեռացնենք նրանց իշխանությունից, կերակրատաշտից և կփակենք կերակրատաշտը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի իմ կյանքն ու ազատությունը»,- հայտարարել է նա:

Սաակաշվիլին, որն առանձնանում է իր հախուռն խառնվածքով, իհարկե, իսկական թոհուբոհ է իրականացրել Ուկրաինայում: Հիմա շատերին հետաքրքրում են հարցերը, թե՝ ո՞ւմ պատվերով է նա դա գործում՝ Միացյալ Նահանգների՞, Եվրամիությա՞ն, թե՞ նույնիսկ Ռուսաստանի՞…

Հարցականները որքան էլ շատ են, պարզ է մեկ բան. Սաակաշվիլին սկզբունքային, խիստ հետևողական և նպատակները իրագործելու ճանապարհին՝ չզիջող տեսակ է: Նա, ակնհայտ է, որ դրել է նպատակ Ուկրաինայում իշխանափոխության հասնելու: Ինչպե՞ս… Պորոշենկոյի՞ ձեռքով, Պորոշենկոյի մասնակցությա՞մբ, թե՞ առանց նրա՝ այս պահին պարզ չէ:

Աջակցո՞ւմ է Արևմուտքը Սաակաշվիլիին: Հազիվ թե արևմտյան ինչ-որ ուժերի կողմից ուղիղ հրահանգ իջեցվեր Սաակաշվիլին՝ թոհուբոհ բարձրացնել Ուկրաինայում: Բայց ակնհայտ է, որ արևմուտքը չի հանդուրժի անօրինականությունները Պորոշենկոյի կողմից Սաակաշվիլիի նկատմամբ: Այս առումով, Սաահակաշվիլին կվայելի արևմուտքի համակրանքը, մանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի նախագահի՝ վերջերս արած բավական կտրուկ որակումները Ուկրաինայում Սաահակաշվիլիի մասնակցությամբ իրադարձությունների առնչությամբ:

Սաակաշվիլին արդեն իսկ ոչ միայն քաղաքականացրել, այլև արտաքին քաղաքական աստառ է տվել իր պայքարին՝ իր անձի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից: Նա ուղղակի բաց ասում է, որ Ուկրաինան պետք է փրկել բռնատիրության հաստատումից. «Մենք պետք է երթի դուրս գանք, որպեսզի հետ պահենք իշխանությանը վերջին քայլից, որը նրան բռնապետություն կդարձնի և, հետևաբար երկիրը աղետից պաշտպանելու համար: … Մենք չպետք է Պուտինին առիթ տանք մեր տարաձայնությունների վրա խաղալու համար: Երկիրը չենք ցնցի, բայց օլիգարխիայից պետք է ազատվենք»:

Սաահակաշվիլին, այսպիսով, հստակ դրել է սահմանագիծ. ով է լինելու իր կողքին՝ ազատ Ուկրաինայի կողմնակիցն է:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: