Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 20, 2017 Comments Off on Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաները ուլունքի նման շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը, մինչդեռ վթարից հետո նոր միայն բարեհաճել են տեղի ճանշինի աշխատակիցները ու սկսել են ճանապարհին լցնել աղ ու ավազ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վարորդները դեպքի վայրում բողոքում են նաև, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները չեն ժամանել, սակայն մի մասն էլ հակառակն է պնդում։ ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: