«Կինոյի տղերքը» Սերժ Սարգսյանի մոտ

Dec 20, 2017 Comments Off on «Կինոյի տղերքը» Սերժ Սարգսյանի մոտ

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն  ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Ռաֆայել Մինասբեկյանը  Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված կլինի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկու ժողովուրդների համատեղ ձեռքբերումները, անցած ուղին և ընդհանուր արժեքները:

Սագրսյանը ողջունել և կարևորել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրագործմանը:

Ջաղինյանի ու Մինասբեկյանի անունները հայ հասարակությանը առավել հայտնի են  90-ականների КВН-ից: Տղաներն այն ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի Ուրախների և հնարամիտների թիմի խաղացողներին էին:

Այդ տարիներին հայկական  КВН-ը ապրում էր իր ոսկեդարը. մեր տղաներն երկու անգամ դարձան ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ` ԱՊՀ: Հետո КВН-ի հայկական թիմը բաժանվեց 3 մասի, մի մասը մնաց Մոսկվայում, երկրորդը վերադարձավ Հայաստան, մյուս մասն էլ մեկնեց Եվրոպա և Ամերիկա: Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը  КВН-ի հայաստանյան թևն է ներկայացնում, Ռաֆայել Մինասբեկյանը՝ մոսկովյան: Ջաղինյանն ու Մինասբեկյանը միասին  աշխատել են նաև Շարմ ընկերությունում, երբ Շարմը նոր էր ստեղծվել: Ընդհանուր առմամբ նախկինում Ջաղինյանի ու Մինասբեկյանի համատեղ գործունեությունը արգասաբեր է եղել: Դժվար է ասել՝ է Հանրային հեռուստառադիոընկերության և «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» նոր համագործակցությունը կունենա՞ նախկին КВН-ի հաջողությունների գոնե 10-20 տոկոսը, թե՞ սա ընդամենը КВН-ի անունը  օգտագործելով հայ-ռուսական դարավոր բարեկամության հեռուստադեմքը փրկելու անհաջող փորձ է: Ժամանակին КВН-ը հաջողություն ուներ, որովհետև այնտեղ կար ազատ միտք, ստեղծագործող խումբ , որն երգիծանքի լեզվով՝ ընդգծված համարձակությամբ խոսում էր քաղաքական խնդիրների մասին: Այն ժամանակ КВН-չիկների օրակարգում հազիվ թե դրված լիներ հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը խնդիրը, թեպետ КВН-ը, որպես ժանր լավագույնս նպաստում էր դրան: Եթե КВН-ի գործունեության առանցքում  դարավոր բարեկամությունը գովերգելու պատվերը լիներ, այն ի սկզբանե կտապալվեր: Ներկա ժամանակահտավածը Հանրային հեռուստառադիոընկերության և «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության լավագույն պահը չէ. «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» փաթեթում գտնվող ՆՏՎ և «Զվեզդա» հեռուստալիքները վերջին մեկ ամսվա ընթացքում  հայ հասարակության հասցեին մի քանի անգամ վիրավորանք են հնչեցրել՝ Հայաստանը համեմատելով «մանեկող, անբարո կնոջ», «ֆաշիստների և նացիստների» հետ :  Հանրային հեռուստառադիոընկերությունը, թեպետ պարտավոր էր, սակայն որևէ կերպ չանդրադարձավ այս հրապարակային ցինիզմին, փոխարենը հիմա փորձում է  «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» միջոցով փրկել ոչ թե հայ հասարակության պատիվն ու սեփական դեմքը, այլ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Սա թերևս Հանրային հեռուստառադիոընկերության և հայկական  КВН-ի վերջին կինոն  է՝ հոգեվարքից առաջ:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: