Դատավորների իրավունքի խախտում՝ օրենքի ուժով

Dec 21, 2017 Comments Off on Դատավորների իրավունքի խախտում՝ օրենքի ուժով

Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ դատական համակարգը բեռնաթափելու ուղղությամբ: Այս նպատակով առաջարկվում է Երևանում ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ներկայումս գործող վարչական շրջանների դատարանների փոխարեն: Ըստ փոխնախարարի՝ դա նախ ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից, որովհետև այդ դեպքում   կունենանք մեկ դատարանի նախագահ, ոչ թե վարչական շրջանների նախագահներ:

Բացի այդ՝ ներկայումս դատարանների և դատավորների ծանրաբեռնվածությունը տարբեր է: Մեկ դատարանի դեպքում գործերի բաշխվածությունը կտարածվի Երևան քաղաքում բոլոր դատավորների միջև: Այսինքն՝ հավասարակշռված բաշխում կլինի, որն էլ  կբերի դատարանների բեռնաթափման, և գործերի արագ քննության:

Նախագծում անդրադարձ կա նաև դատավորների արձակուրդներին: Գործող օրենսդրությամբ արձակուրդ գնալուց առաջ դատավորը 20 օր դիմում է դատարանի նախագահին և մինչ արձակուրդը 20 օր առաջ իրեն գործեր չի մակագրվում: Երբ դատավորը տարվա մեջ բազմաթիվ անգամ դիմում է գրում արձակուրդ գնալու համար, հետո ետ է վերցնում դիմումը, միևնույնն է` նրան 20 օր առաջ գործ չի մակագրվում: Առաջարկվող նախագծով՝ դատավորները տարեսկզբին պետք է ասեն, թե երբ են պատրաստվում արձակուրդ գնալ: Ընդ որում, նրանց արձակուրդը տրամադրվելու է 3 մասնաբաժնով, նրանք ավելի քան 3 անգամից ավելի չեն կարողանալու դիմում գրել արձակուրդի համար: Սահմանափակվել է նաև արձակուրդ գնալով պայմանավորված դատավորին գործերի մակագրման ժամկետը: Առաջարկվում է նրանց գործեր չմակագրել արձակուրդ գնալուց միայն 10 օր առաջ:

Օրենսդրական այս փաթեթի համաձայն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր գլուխ է ավելացել, որը կոչվելու է պարզեցված վարույթներ: «Սա հենց այն վարույթն է, որը փոքր գումարի գործերով քննվելու է արագ: Խոսքը վեաբերում է մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջներին: Նման պահանջները դատարանը պետք է քննի հայցը վարույթ ընդունելուց հետո մոտավորապես 2 ամսվա ընթացքում առանց դատական նիստի»,- նշել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

Փաստացի հատկապես դատավորների արձակուրդների հետ կապված օրենսդիրը գնում է կոշտ քայլերի: Փաստացի արձակուրդի իրավունքը սահմանափակվում է՝ դատավորներին պարտադրվում է տարեսկզբին արձակուրդի գրաֆիկ կազմել և արձակուրդից օգտվել 3 մասնաբաժնով, ինչը մարդու իրավունքի խախտում է:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: