Հայաստանը մեկուսացումից հանելու թանկ գինը

Dec 20, 2017 Comments Off on Հայաստանը մեկուսացումից հանելու թանկ գինը

Երեկ Երևանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Հայաստան-ՆԱՏՕ 25-ամյա համագործակցության արդյունքներն են ամփոփվել և հետագա գործակցությունն է ուղենշվել Նալբանդյան-Գոթեմյոլլեր՝ կայացած հանդիպմանը։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրենց հանդիպման ընթացքում չեն շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։

«ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը բխում է մեր փոխադարձ շահերից։ Այս տարի ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցրեց իր նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի շրջանակում մենք սերտորեն աշխատում ենք ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների բնագավառներում։ Եվ մենք աշխատելու ենք մեր առջև դրած առաջարկությունների հիման վրա»,- մասնավորապես, ասել է Նալբանդյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ վարվող բանակցությունների մասին խոսել էր նաև Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, շեշտելով, որ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն։ Հայ պաշտոնյան նշել էր, որ այդ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն զենք-զինամթերք գնելով, այլ իր մեջ ներառելու է տարբեր բաղկացուցիչներ։

Մինչև Ռոուզ Գոթեմյոլլերի Երևան այցը, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին էր անդրադարձել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, նշելով՝ դաշինքը պատրաստ է շարունակել՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին։ Ռոուզ Գոթեմյոլլերին երեկ ընդունելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ռոուզ Գոթեմյոլլերը դեռ 1990-ականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի աշխատակազմում: «Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում էին Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին: Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է գործընթացում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ միասին։ Մենք ՆԱՏՕ-ում ակնկալում ենք, որ նոր առաջընթաց կտեսնենք այս ճգնաժամի լուծման ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հակամարտության լուծումը բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ ՆԱՏՕ-ի անունից կարող եմ ասել, որ մենք դրական ենք գնահատում և ուրախ ենք տեսնել վերջերս բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը: Հույս ունեմ, որ դրանք արդյունք կտան»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Գոթեմյոլլերի խոսքով՝ շատ դրական 25 տարիներ էին. «Մենք այնքան շատ բան ենք արել միասին, և առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում ենք այդ մասնակցությունը»: Ռոուզ Գոթեմյոլերին երեկ ընդունել է Սերժ Սարգսյան, որը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն:

Այսպես, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների առումով տարին կարելի է արդյունավետ համարել: Այս տարի Սերժը Սարգսյանը Բրյուսել էր այցելել, որտեղ հյուրընկալվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նրան ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ խնդրում միանշանակ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անվերապահ սատարում, այսինքն՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա:

Լինելով անվտանգային և ռազմաքաղաքական այլ դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, Հայաստանը կարողանում է հավասարակշռել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, և սա ընկալում են թե՛ Ռուսաստանում, թե՛ ՆԱՏՕ-ում:

Հայաստանը հետևողական աջակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում: Իսկ սա գնահատում են Հյուսիսատլանտյան դաշինքում:

Բացի այդ, Հայաստանն Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) մասնակից է, հաջողությամբ իրականացրել է չորս ծրագիր, և արդեն իսկ հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը:

Ռոուզ Գոթեմյոլերը, որը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն է եղել, կարևոր մեսիջներով հեռացավ Հայաստանից: Մեր պետության միջազգային վարկանիշի բարձրացման համար ստեղծվել են կարևոր նախադրյալներ: Դրանցից պետք է օգտվել՝ «և-և»-ի քաղաքականությունն առավել շահավետ ու արդյունավետ դարձնելու համար, ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի քաղաքական, տնտեսական և ռազմական զարգացման:

Այլ տարբերակ Հայաստանն ուղղակի չունի: Դատելով արտաքին քաղաքական վերջին զարգացումներից՝ սա գիտակցում է Սերժ Սարգսյանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: