Իրանական գազի ծավալները` «Գազպրոմի» զսպաշապիկ

Dec 22, 2017 Comments Off on Իրանական գազի ծավալները` «Գազպրոմի» զսպաշապիկ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ու Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեն Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածության են հասել իրանական գազի մատակարարման ավելացման շուրջ՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։

Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իրանից  Հայաստան մատակարարվող գազի թեման շատ նուրբ է և որպես կանոն դիտվում է ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական նախագիծ: Իրանական գազը Հայաստանի համար դիտվում է, որպես ռուսական գազին այլընտրանք և իրանական գազի ծավալների ավելացման հարցն այդ համատեքստում է քննարկվում, որպես է հայ-ռուսական հարաբերությունների հավելված:

«ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը, անդրադառնալով իրանական գազի ծավալների ավելացման հարցին, կարծիք է հայտնել, որ եթե այդ պայմանավորվածություններն իրագործվեն, ապա Հայաստանը կսկսի ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել Իրանի համար, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար։
«Երկու երկրների տնտեսական օգուտների մասին հստակ խոսելու համար նախ պետք է իմանալ ծավալների ավելացման մասին հստակ տվյալներ, որոնք կողմերը չեն բացահայտում, սակայն տնտեսական հաշվարկների տեսանկյունից դա ձեռնտու է Հայաստանին։ Ենթադրում եմ, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանը կստանա փոքր-ինչ ավելի շատ գազ, քան նախկինում»,- ասել է Գրիվաչը։

Ըստ նրա՝ իրանական գազի մատակարարումը կարևոր է նաև Ռուսաստանի համար` ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։«Իրանական գազն էներգակիրների այլընտրանքային աղբյուր է։ Այն մի տեսակ ապահովագրություն է Վրաստանի տարածքով ռուսական գազի Հայաստան տարանցման հետ կապված ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը հասկանում է գազային ոլորտում Հայաստանի ու Իրանի համագործակցության անհրաժեշտությունը։

Ռուսական փորձագիտոկան շրջանակները միշտ յուրօրինակ խանդով են վերաբերվել Իրան-Հայաստան գազային համագործակցությանը: Դրական գնահատականներն այս իմաստով նոր շեշտադրումներ են, բայց այսքանով հանդերձ ռուս փորձագետն իր պարտքն է համարել հիշեցնել իրանական գազի ծավալը չի կարող  մեծ լինել  «բարձր գնի պատճառով»։ «Չնայած այն հանգամանքին, որ գազը մատակարարվում է ուղիղ՝ առանց տարանցման՝ Իրանը բարձր գին է պահանջում իր «երկնագույն վառելիքի» համար»,- ասել է նա։

Նախկինում սակայն Իրանի դեսպանը մի քանի անգամ շատ հստակ հայտարարել է, որ Հայաստանը լուրջ բանակցություններ չի վարել Իրանի հետ գազի գնի շուրջ: Ի վերջո գինն ու ծավալը նաև փոխկապակցված են: Եթե Իրանից Հայաստան մտնող գազի ծավալն էականորեն ավելանա, ապա կարող է փոխվել նաև գինը: Սա թերևս հասկանում են նաև «Գազպրոմում»  և  պատահական չէ, որ նրանք շեշտում են գնի հանգամանքը` թերևս հասկանալով, որ իրանական գազը ռուսական գազի  գնի զսպաշապիկն է:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: