Երիտասարդներին խաբելը հերոսություն չէ

Dec 20, 2017 Comments Off on Երիտասարդներին խաբելը հերոսություն չէ

 

 

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դադարեցրել են իշխանությունների հետ սկսված բանակցությունները և վերադառնում պայքարի կոշտ մեթոդների:

Նրանցից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը, ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել՝ պատճառաբանելով, թե բանակցությունները որևէ արդյունք չեն տվել և իրենց կողմից ներկայացված առաջարկները չեն ընդունվել ՊՆ-ի կողմից: Ի նշան բողոքի՝ նրանք նաև ֆլեշմոբ են իրականացրել  ԵՊՀ-ում: Բարձրագույն կրթության մասին օրենքի քննարկման ժամանակ նրանք թռուցիկներ են փակցրել, որոնց վրա գրված է եղել «տարկետում լինելու ա» և «Պաշտպանության նախարարության կրթության և գիտության գործակալություն»: Երիտասարդները մեղադրում էին ԿԳՆ-ին, ՊՆ-ի բոլոր պահանջներին չեզոք և անտարբեր կեցվածքով հետևելու և կրթության և գիտության շահերը չպաշտպանելու համար:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով երիտասարդների հետ պայմանավորվածություններին, ասել է, որ նրանք ՊՆ-ին երկու փոփոխությունների առաջարկություն են ներկայացրել, որոնցից մեկն անընդունելի է եղել. «Նրանք երկու առաջարկ են արել, որից մեկը մենք ասել ենք, որ հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ դա ընդհանրապես խաթարում է բանակը: Նրանք առաջարկում են միաժամանակ սովորել և ծառայել: Այսինքն՝ արձակուրդի ժամանակ գնալ բանակ, իսկ մնացած ժամանակ՝ դասի: Նման բան կա Շվեյցարիայում, որն անվտանգության խնդիր չունի: Այնտեղ նույնիսկ կարող են բանակ էլ չգնալ: Մենք բացատրել ենք, որ դա անհնարին է: Սա բացասական կանդրադառնա բանակի վրա»,- ասել է ՊՆ փոխնախարարը:

Մյուս առաջարկը վերաբերել է տաղանդավոր երիտասարդներին տարկետում տալու չափորոշիչների սահմանմանը, որի հետ կապված ՊՆ-պատրաստ է լսել երիտասարդներին. «Մենք դրա վերաբերյալ նրանց հետ ծավալուն բանակցել ենք: Հիմա փոխանակ առաջարկներ անեն, հայտարարություն են արել, որոնցով խնդիրը չի լուծվի: Արդեն կապրիզի է նմանվում նրանց քայլերը»,- ասել է Արտակ Զաքարյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հայտարարել է, թե երիտասարսդների հացադուլն այլևս ժամանակավրեպ է: Հայաստանյան իրականության մեջ, իհարկե, ի սկզբանե դժվար էր պատկերացնել, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երիտասարդները կհասնեն հաջողության: Թերևս փորձառության պակասով էր պայմանավորված, որ նրանք ընդունեցին բանակցությունների գնալու իշխանության առաջարկը, որը փաստացի ծուղակ է, և այսօր արդեն ընդունված օրենքի դեմ պայքարելը, ինչպես ԵՊՀ ռեկտորն է նշել, ժամանակավրեպ է: Բայց սա այն դեպքը չէ, երբ իշխանությունը կարող է հաղթանակ տոնել՝ ինքն իրեն լավ զգալով, թե կարողացավ մոլորեցնել սեփական սկզբունքների և վաղվա օրվա համար պայքարի դուրս եկած երիտասարդներին: Սա բոլոր տեսակի հաղթանակներից ու հաշվարկներվ ամենաանփառունակն է: Ի վերջո, եթե եղել է պայմանավորվածություն, ապա այն պետք է պահվեր: Խաբված են զգում երիտասարդները. դա կարծես թե պարզ էր ի սկզբանե: Բայց խորքային խնդիրը շարունակում է նույնը մնալ՝ ինչո՞ւ է պետությունը հակադրում գիտությունը, կրթությունն ու բանակը: Աշխարհում չկա նախադեպ, երբ որևէ երկիր զարգացում և թռիչք է ապրել առանց գիտությանը զարկ տալու: Նույն բանակի հզորության հիմքում ընկած է գիտությունը: Այդ դեպքում ինչո՞ւ են երիտասարդների ասածներն այդքան անընդունելի ՊՆ-ի համար, և ո՞ւր մնացին հայտարարությունները, թե բանակն ու տարկետման սահմանափակումը չեն վնասում կրթությանն ու գիտությանը:

 

    Հայկ  Դավթյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: