Սերժ Սարգսյանը կթեթևացնի Էրդողանի գործը

Dec 19, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը կթեթևացնի Էրդողանի գործը

Պաշտոնական Անկարան օրերս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Առիթը՝ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն էր:

Հունաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես, ասել էր․ «Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն:

Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է․ «Նալբանդյանն ասել է, որ Թուրքիան է պատասխանատու այդ արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այդ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը»:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է՝ Անկարան հետամուտ է եղել Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց: «Չնայած արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն ապահովվի:

Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների նկատմամբ ոտնձգությանը»,- նաև նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Անկարան, իհարկե, շարունակում է խորհրդարանում պահել ցյուրիխյան արձանագրությունները: Ավելի ճիշտ կլինի ասել՝ պատանդ է պահում, միաժամանակ արգելափակելով դրանց կիրառման հնարավորությունը:

Բայց միևնույն ժամանակ, Անկարան, փաստորեն, դրանք չեղյալ չի հայտարարում՝ այդ փաստաթղթերը պատանդի կարգավիճակում պահելով: Ու, եթե կա մի կողմ, որ դրանք առ ոչինչ կհայտարարի՝ դա հենց Հայաստանն է, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Այսինքն, արձանագրությունների չեղարկման բարդ գործը կմնա Հայաստանի ուսերին: Ու դրա արդյունքում Անկարան կհայտարարի, թե այդ Հայաստանն էր, որ հրաժարվեց արձանագրություններից ու կփորձի միջազգային հանրությանը համոզել, որ թուրքական կողմը չի կրում պատասխանատվություն դրանցից հրաժարվելու համար, ընդհակառակը՝ Թուրքիան շարունակում է մնալ որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կողմնակից:

Բայց, իրականում պարզ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի իշխանությունների համար նույնիսկ երկրորդական թեմա չէ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցներն այսօր Թուրքիայում վախի մթնոլորտում են ապրում: Անգամ նախկինում, երբ որոշակի հասարակական պահանջ կար Թուրքիայում այս հարցով, նույնիսկ այդ ժամանակ Էրդողանը ականջալուր չեղավ:

Հիմա Թուրքիան հազար ու մի խնդիրների մեջ է, և հազիվ թե Էրդողանը մինչև գարուն անակնկալ քայլերի դիմի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ, որը կարող էր փոխել Սերժ Սարգսյանի որոշումը:

Ինչ-որ առումով, Սերժ Սարգսյանի գարնանային ապագա որոշումը՝ կապված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները թաղելու հետ, կթեթևացնի Էրդողանի գործը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: