Սերժ Սարգսյանի գլուխկոտրուկները

Dec 17, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի գլուխկոտրուկները

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հունվարի մեկից սպասվող 900 անուն ապրանքների թանկացումը, որը պայմանավորված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքով, ազգաբնակչության վրա  էական ազդեցություն չի կարող ունենալ:

«Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով և ո՛չ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում. երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհա՛րկե չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ, և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք, և այդ մոտեցումը բերում է նրան, որ, օրինակ, 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել, և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեև, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թե ինչպես կարող է 900 անուն ապրանքի թեկուզ չնչին գնաճը չազդել մարդու կենսակերպի վրա, երբ նրա եկամուտները չեն աճում, դրան գումարած չեն ստեղծվում նոր աշխատատեղեր,  դժվար է հասկանալ: Սակայն Սերժ Սարգսյանի մոտեցումը այս հարցերի հետ կապված միանգամյայն այլ փիլիսոփայության շրջանակում է: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի տնտեսական աճը լինի շոշափելի, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա, ըստ Սերժ Սարգսյանի, թեպետ աշխատավարձերի դրույքաչափերը չեն աճում, սակայն աշխատավարձը բարձրանում է։ Այո, այո՛, հենց այդպես էլ ասել է. «Ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում  ենք 2018թ.-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017 թվականի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016 թ. հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ.-ին։ Այսինքն՝ ոնց ուզենք՝ չուզենք, աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի»,- հայտարարել է նա: Սերժ Սարգսյանի ասածից իհարկե դժվար է հասկանալ՝ հիմա աշխատավարձի աճ լինելու է և ինչպես է լինելու, եթե դրույքաչափերի բարձրացում չի նախատեսվում: Սա Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարևոր, սակայն միակ գլուխկոտրուկը չէ:

Մյուսը կրթության ֆինանսավորմանն առնչվող նրա հայտարարությունն է: 2018 թվականի պետական բյուջեում կրթության ոլորտի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, 600 մլն դրամով կրճատվել են, սակայն Սերժ Սարգսյանը գտնում է, որ ոչ մի կրճատում էլ չկա. «Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում, սա էլ մենք անպայման պետք է հաշվի առնենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում  են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ՝ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրոմիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում, և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ստացվում է, որ նա պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցները, որոնք ուղղվելու են ՊՆ-ի նոր հետազոտական համալսարանի հիմնադրմանը, համարում է կրթության ոլորտի հատկացում: ԵՄ Հորիզոն2020 ֆոնդը, որից Հայաստանի գիտնականները կարող են օգտվել, եթե կարողանան մրցունակ գիտական ծրագրեր ներկայացնել և ստանալ դրամաշնորհներ, նույնպես, ըստ Սերժ Սարգսյանի, մտնում են կրթության ֆինանսավորման մեջ: Այս տրամաբանությամբ Երևանի էլիտար դպրոցների վարձավճարները , որոնք դուրս են գրվում ոչ թե բյոջեից, այլ այդ դպրոցների սաների ծնողների գրպաններից, նույնպես կարելի է հաշվել որպես կրթության ֆինանսավորում, և արդյունքում կստացվի, որ մեզ մոտ կրթության բյուջեն ավելացել է: Հավանաբար նույն ֆոկուսային մոտեցմամբ էլ ավելանում են աշխատավարձերը: Ինչպես հայտնի է, ՊԵԿ-ը վերջին շրջանում խստացրել է հսկողությունը թաքնված աշխատուժի բացահայտման ուղղությամբ, և որպես արդյունք հիմա շատ գործատուներ խուսափում են թաքցնել աշխատողին: Այս բոլորը Սերժ Սարգսյանը դիտարկում է որպես աշխատավարձերի բարձրացում:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: