Դպրոցը «զոհեցին»  հանուն օլիգարխի

Dec 20, 2017 Comments Off on Դպրոցը «զոհեցին»  հանուն օլիգարխի
  1. Կառավարությունը վերջին նիստում ուշագրավ որոշում է կայացրել, որով Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնեսին աջակցելու նպատակով 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց»-ի տարածքը:

Համաձայն կառավարության որոշման՝ այս տարվա օգոստոսին վերակազմավորման արդյունքում ազատված «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց»-ի շենքն ու շինությունները, դրանց զբաղեցրած հողատարածքով հանդերձ, հատկացվել է «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերությանը: Իսկ այս ընկերությոն 50 տոկոսի բաժնետերը, համաձայն  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հանրահայտ օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեեքսանյանը, նույն ինքը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրենն ու սեփականատերը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը, որը պատկանում է եղբայրներ Արմեն և Անուշավան Սարգսյաններին։ «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ դպրոցի վերակազմավորումից ընդամենը 2 շաբաթ անց:

«Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեքստիլ արտադրություն կազմակերպելու նպատակով «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում ազատված շենք, շինություններն իրենց զբաղեցրած հողատարածքով ընկերությանը 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրելու խնդրանքով՝ հետագա գնման իրավունքով:

«Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ոլորտը կարի արտադրությունն է, տարբեր նյութական արժեքների ներկրումը, պատրաստի արտադրանքի արտահանումը: Ընկերության նպատակն է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան և եվրոպական երկրներ:

Հաշվի առնելով, որ ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որոնք կուղղվեն անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ, որից 1-ին տարում՝ 300 աշխատատեղ, իսկ դրան հաջորդող երկու տարիներին ևս 200 աշխատատեղ՝ յուրաքանչյուր տարի 100-ական աշխատատեղ, միաժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի թիվ 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան ծրագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մշակել է ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում ազատված վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 24 հասցեում գտնվող 96 մլն 543 հազար ՀՀդրամ գնաահատված արժեքով 7469,32 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։  Նշվում է նաև, որ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքումը ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ, ինչպես նաև պետբյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով։ Իսկ սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ կրկին պետբյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով։

Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:

Փաստորեն դպրոցն ազատվել է, որպեսզի հանձնվի օլիգարխի ընտանիքին և ծառայի նրա բիզնեսի ընդլայնմանը: Սա այն դեպքն է, երբ կոպտորեն ոտնահարված են և՛ իրավական, և՛ բարոյական բոլոր նորմերը: Նախ կա օրենսդրական պահանջ՝ դպրոցների շենքերը բացառապես կրթական նպատակով օգտագործելու վերաբերյալ, որն այս դեպքում չի պահվել: Երկրորդ՝ եթե անգամ նոր աշխատատեղերի բացման  նպատակով բիզնեսին աջակցելը պետական առաջնահերթություն է, ապա  հատկապես ի՞նչն են հաշվի առել, որ որոշել են այդ աջակցությունը տրամադրել բոլորովին նոր մի ընկերության, որը այս ոլորտում բացառապես փորձ, հետևաբար նաև վստահություն չունի: Սամվել Ալեքսանյանի դուստրը տեքստիլ ոլորտում նոր է դրսևորվում, մինչդեռ հայկական տեքստիլի շուկայում կան ավելի հին ու հարուստ ավանդույթներ ունեցող ընկերություններ, օրինակ՝ «Մելանտեն», «Ագնեսան»:Հաջող աշխատում է նաև «Տոսպը»: Մեզ չհաջողվեց հիշել կամ գտնել կառավարության որևէ այլ որոշում, որը կփաստեր, որ թվարկված ընկերությունները, որոնք տարիներ շարունակ աշխատել են և թույլ չեն տվել, որ հայկական տեքստիլը մեռնի, ստացած լինեն այս կարգի աջակցություն: Սակայն այս բացառությունը արվում է մոնոպոլիստ օլիգարխի համար, որը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի և հովանավորչության կոնկրետ դեպք:

 

 Հայկ  Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: